Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Ինգա եւ Անուշ Արշակյանները ներողություն խնդրեցին Aravot.am-ին տված հարցազրույցում արտահայտած պնդումների համար:
«Իմ ամբողջ նեգատիվ գնահատականը միայն ու միայն վերաբերում էր Կոնչիտա Վյուրստի կերպարին։ Ես գնահատում եմ ոչ միայն երգը, այլև բեմական կերպարը, արտաքին տեսքը, և միայն ես չեմ դա գնահատում, բոլոր պետք է գնահատեն դա, և եթե ինչ-որ մարդիկ վիրավորվել են այն բանից, թե ինչ է հնչել՝ համարելով, որ նրանց եմ վիրավորել, ես ներողություն եմ խնդրում, միտք չունեի վիրավորել ո’չ տրանսվեստիտներին, ո’չ սեռական փոքրամասնություններին, ո’չ էլ առավել ևս հոգեկան հիվանդ մարդկանց։ Մտքի սխալ ձևակերպում է եղել, թյուրիմացություն է եղել, որովհետև մենք գերլարված էինք, ես իսկապես շատ ցավում եմ նման թյուրիմացության համար», – մասնավորապես, ասաց Անուշ Արշակյանը:
Հիշեցնենք, որ մինչ «Առավոտը» կհրապարակեր ձայնագրությունը՝ նրանք «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հերքում էին, թե նման բան են ասել, պնդում էին, թե մեր հրապարակումը հերյուրանք է եւ իրենք մինչեւ հոգու խորքը վիրավորված են: