Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրով. Նախորդ զորակոչին առաջադրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարվել են

Մայիս 16,2014 18:11

ՊՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է: Վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել գործընթացի իրականացումը, մշակվել և իրագործվել են մի շարք բարեփոխումներ:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքների և 2014թ. ամառային զորակոչի խնդիրների մասին, Յուրի Խաչատուրովն ընդգծել է զորակոչի թե դրական դրսևորումները և թե որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչին առաջադրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարվել են, Յուրի Խաչատուրովն անդրադարձել է զորակոչվածների թվաքանակի, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, ոչ շարային և շարային ծառայության զորակոչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին: ԶՈւ գլխավոր շտաբի պետը մատնանշել է զորակոչի ընթացքում առավել արդյունավետ աշխատած և աչքի ընկած, ինչպես նաև որոշ հարցերում թերացած զինկոմիսարիատները:

Խորհրդակցության ընթացքում հնչած այլ ելույթներում արծարծվել և քննարկվել են երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև զորակոչին առնչվող այլ հարցեր:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնելով կատարված համատեղ լայնածավալ ու արդյունավետ աշխատանքի համար` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով: Սեյրան Օհանյանը 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման առումով տվել է նաև մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ ու զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031