Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի անդամները՝ քառյակի քվեարկության մասին

Մայիս 16,2014 17:57

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Դեմ եմ» նախաձեռնության անդամները Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի լրամշակված օրինագծի հետ կապված ներկայացրեցին իրենց տեսակետները:

Նախաձեռնության անդամները վստահեցրին, որ առաջընթաց կա, բայց իրենց ոչ բոլոր պահանջներն են կատարվել:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն 67 կողմ, 29 ձեռնպահ և 18 դեմ ձայներով օրինագիծն ընդունեց:  Նախագծին դեմ քվեարկեցին ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն քվեարկեցին ձեռնպահ:

Հարցին՝ խորհրդարանական քառյակի քվեարկությունը այս նախագծին որքանո՞վ խաթարեց կամ չխաթարեց ձեր սպասելիքները, որովհետեւ կարծես նրանցից ոմանք լրջորեն աջակցում էին այս նախաձեռնությանը, բայց քվեարկության ընթացքում տարակուսանք առաջացավ, նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ լսելով իրենց մեկնաբանությունները, քննարկումը, ընկալելի էր ե՛ւ դեմ քվեարկելը, ե՛ւ ձեռնպահ քվեարկելը. «Մի կողմն ասում էր, որ դա կառավարության կողմից քայլ առաջ է, որ քաղաքացիները կամարտահայտության սկզբունքով փաստորեն սոցիալական խնդրի առաջ նորից չեն կանգնի, մյուս կողմն ասում է չէ, առհասարակ այս համակարգը չպետք է աշխատի, 5%-ները չպետք է գնան: Մենք երկու տեսակետն էլ ընդունում ենք եւ այդ երկու որոշումները հակադրության մեջ չենք դնում:

«Դեմ եմ» շարժումը խորհրդարանական քառյակի աջակցությանն է արժանանում, եւ հարցին՝ կա՞ն համատեղ քայլեր, ծրագրեր, պատրաստվո՞ւմ եք համագործակցել՝ նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը պատասխանեց, որ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, բայց միշտ էլ համագործակցության եզրեր եղել են. «Մեր հրապարակված սկզբունքները իրենց կողմից միշտ բարձրացվել են ԱԺ-ում: Պիտի որ այս անգամ էլ, երբ մենք մեր սկզբունքները հրապարակենք նոր օրենքի վերաբերյալ, իրենք այդ սկզբունքները հասցնեն տեղ»:

Նախաձեռնության անդամ Լուսինե Վաթյանն էլ կոչ արեց քաղաքացիներին հետեւել շարժմանը, իրենց ֆեյսբուքյան էջին եւ հետեւողական լինեն՝ մյուս պահանջների կատարման համար. «Ավելի լավ է կանխել այն հակասոցիալական նորմերը, որ կան օրինագծում, քան թե հետո պայքարել դրա դեմ: Պետք է հրապարկել սկզբունքներ, որոնք մենք ցանկանում ենք տեսնել այդ նույն նախագծում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031