Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանից դուրս գալուց հետո այցելուները ոչ մի ցուցանմուշ չեն հիշում». թանգարանի տնօրեն

Մայիս 16,2014 17:52

Հայաստանի և Արցախի հարյուր թանգարաններ այս տարի կմասնակցեն «Թանգարանային գիշեր» ծրագրին, որը կմեկնարկի վաղը երեկոյան: «Այս տարի շատ հետաքրքիր խորագիր ունի միջոցառումը՝ «Թանգարանները միավորում են մեզ», և, իսկապես, միջոցառմանը միացող թանգարանների թվի՝ տարեցտարի աճը վկայում է, որ մեր հասարակությունը հետաքրքրված է թանգարաններով: Եթե սկզբում այդ թանգարանները 8-9-ն էին, հիմա արդեն հարյուրն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Թեև նրան ուրախացնում է այցելուների մեծ հոսքը «Թանգարանային գիշերվա» շրջանակներում, բայց և այնպես, կարծում է, որ այդ օրը մարդիկ գնում են թանգարան ոչ թե ծանոթանալու ցուցադրությանն ու թանգարանային արժեքներին, այլ գնում են որևէ հետաքրքիր միջոցառման մասնակից լինելու ակնկալիքով. «Եթե այդ օրը թանգարանից դուրս եկող որևէ այցելուի հարցնեք՝ արդյոք նա որևէ ցուցանմուշ հիշո՞ւմ է, նա ձեզ դրական պատասխան չի տա, չի հիշում, որովհետև գալիս է որևէ շոուի մասնակից լինելու»:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանն էլ իր հերթին ավելացրեց, որ շատ հաճելի է այդ օրվա տոնական տրամադրությունը, թանգարանից թանգարան շտապող մարդկանց մեծ հոսքը, բայց ցավալի է, որ թանգարանների մասին հիշում են միայն այդ օրը. «Որքան էլ ուրախալի է, բայց մեկ օրվա մեջ, մարդկային այսպիսի հոսքի պայմաններում, հնարավոր չէ ծանոթանալ թանգարանային այն արժեքներին, որոնք կցանկանայինք ներկայացնել հասարակությանը»,- ասաց թանգարանի տնօրենը:
Ինչ վերաբերում է մնացած օրերին, բանախոսները վստահեցրին, որ թանգարաններն այցելու ունենալու խնդիր ունեն, և այդ բացը չի լրացվում ոչ տեղացիների և ոչ էլ զբոսաշրջիկների կողմից. «Հարցը նրանում է, որ տուրիստական կազմակերպությունները հստակ մշակված ծրագիր ունեն (ճիշտ թե սխալ, դա այլ հարց է), որի մեջ ընդամենը մտնում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանները՝ Գառնի, Գեղարդ, Սևան և այլն,- ասում է Մ. Օթարյանը,- Տուրիստներին ո՞վ պետք է ուղղորդի դեպի թանգարան: Բնականաբար, տուրիստական կազմակերպությունները, բայց նրանց ծրագրերում, ցավոք, տուն-թանգարանները բացակայում են՝ բացառությամբ Փարաջանովի տուն-թանգարանի»:
Մ. Օթարյանը, սակայն, ընդգծեց, որ իրենց առաջնային խնդիրը տուրիստներին բերելը չէ, այլ մեր հասարակության համար աշխատելը. «Մեր արժեքներին նախ մենք պետք է լավ ծանոթ լինենք, ճանաչենք,- համոզված է նա,- բայց եթե այսպես շարունակվի, կգա ժամանակ, երբ մենք կունենանք մշակութային արժեքներից ու թանգարան այցելելու մշակույթից զուրկ հասարակություն, որովհետև եթե այսօր մեր դպրոցականները, երիտասարդները չեն այցելում թանգարան, ապա վաղը նրանց զավակները հաստատ չեն այցելի, քանի որ նրանք չեն հասկանա թանգարան այցելելու և այնտեղի ժառանգությունն իրենց մեջ կրելու կարևորությունը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031