Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն այցելել է Կոշ համայնք

Մայիս 16,2014 17:12

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի և Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք:

Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, նորագույն սարքավորումներին:
Կենտրոնը հագեցած է երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստող, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ֆիզիոթերապիայի և անձնական խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով և դիդակտիկ նյութերով: Կենտրոնն ունի նաև գերժամանակակից ախտորոշման և ֆիզիոթերապիայի սարքավորւմներ, ժամանակակից շտապօգնության մեքենա:

Կառավարության ղեկավարը կարևորել է երկրում նման հաստատությունների առկայությունը և ողջունել կենտրոնի հիմնման գաղափարը: Հովիկ Աբրահամյանը կենտրոնի ղեկավարներին կոչ է արել ներկայացնել պետության հետ համագործակցության ծրագիր՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցությամբ իրականացնելու համար: Միաժամանակ, վարչապետը կարևորել է հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Հաստատությունը, որի կառուցման համար ներդրվել է 4 մլն դոլար, հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել 50 երեխայի: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաները ստանում են վերականգնողական (ֆիզիոթերապիա, ակվաթերապիա), լոգոպետի, հոգեբանի ծառայություններ, 2-անգամյա սնունդ: Երեխաները հնարավորություն ունեն նաև հանգստանալ իրենց համար հարմարեցված ննջասենյակներում:

Այնուհետև վարչապետն այցելել է Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ, որը նախատեսված է 92 երեխայի համար: Մանկապարտեզը հիմնանորոգվել, կահավորվել և բարեկարգվել է գերմանաբնակ բարերար Ռազմիկ Թադևոսյանի տրամադրած միջոցներով:
Նշված աշխատանքների իրականացման համար ներդրվել է 160 մլն դրամ:
Վարչապետը շրջայց է կատարել նաև մանկապարտեզով՝ ծանոթացել նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին և մանկապարտեզի հիմնանորոգման նախաձեռնողներին՝ երեխաների համար նման բարձրակարգ պայմաններ ստեղծելու համար: «Սա մեծ բարեգործություն է և ազգանպաստ աշխատանք»,-ասել է վարչապետը և նշել, որ նման մանկապարտեզներ պետք է բոլոր համայնքներն ունենան, և կառավարությունն ամեն ինչ անելու է նրանց այդ գործում աջակցելու համար:
Կառավարության ղեկավարը զրուցել է նաև Կոշի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել տարբեր հարցերի: «Կոշի բնակչությունը բավականին ակտիվ է և կարծես ըմբռնումով է մոտենում երկրում առկա խնդիրներին, ինչը շատ լավ է: Բոլորը պետք է հասկանան, որ դրանց լուծման համար ժամանակ է պետք: Մենք սկսել ենք այդ աշխատանքները և փորձելու ենք այցելություններով իշխանությունն ավելի մոտեցնել մեր ժողովրդին, ազգաբնակչությանը, համայնքներին: Փորձելու ենք ավելի մոտիկից ծանոթանալ առկա խնդիրներին և տալ համապատասխան լուծումներ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031