Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ զբաղվի Արմեն Աշոտյանը`երեկոյան 6-ից հետո (Տեսանյութ)

Մայիս 16,2014 16:56

«Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում, Ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե ՀՀԿ-ի»,-այսօր խորհրդարանում`«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարարին դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Չեմ կարող դրան չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, Ֆեյսբուքում կգրեմ»,-տեղից պատասխանեց Արմեն Աշոտյանը և նշեց, թե երբ գալիս է ԱԺ հարց ներկայացնելու, գալիս է որպես կրթության նախարար. «Այդ դո՞ւք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, դուք եք ամեն ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, դուք եք ինձ դրդում հանդես գալ քաղաքական տարբեր մեկնաբանություններով»:

Իսկ սոցիալական ցանցերում իր ակտիվության առիթով էլ Արմեն Աշոտյանը հակադարձեց, որ ժամը 6-ից հետո եւ շաբաթ-կիրակի օրերին ինքն իրավունք ունի զբաղվել նրանով, ինչով ցանկանում է: Նա պատգամավորներին հորդորեց`«մի սահմանափակեք այն ըմբոշխնելու իմ ազատությունը»:

Արամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե կառավարության մնացած բոլոր նախարարներն իրար հետ գումարած այդքան ՀՀԿ-ական չեն ներկայանում, որքան Արմեն Աշոտյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց «թռչնաբուծական ֆերմայի խոսակցությունների մակարդակից դուրս գալ» և խոսել այն մասին, որ հանրակրթական մակարդակն այսօր ոչ մեկին չի բավարարում։ «Հանրակրթական ավագ դպրոցներում ի՞նչ է կատարվում, բոլորն առանձին ռեպետիտորների հետ շարունակում են պարապել»,-ասաց պատգամավորը`հավելելով, որ դրանք արվում են դասի ժամին և ոչ անշահախնդիր պայմանով. «Ունե՞ք կրթական կոնկրետ ծրագիր, որպեսզի ինքնաբավ լինի և որակ ապահովի, թե առաջնորդվում եք` «կոճակը գնեցինք, մնում է վերարկուի մասին մտածելը» սկզբունքով»։

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով հնչած ակնարկին, որ դպրոցի ատեստատները բուհեր ընդունվելուց հաշվի առնվի, ինչն էլ կխթանի, որ աշակերտներն էլ շահագրգռված լինեն դպրոցում կրթություն իրենց մատուցվի`հավելեց. «Բայց հիշենք, որ դպրոցներում սկսեցին համատարած վաճառվել բարձր գնահատականներ»:
«Գիտենք՝ խնդիրներ կան, բայց խնդրում եմ այստեղ մի տնօրենի անուն տվեք, որ փողով ծնողին թույլ է տվել աշակերտին չբերել դպրոց, հայտնել են այդ մասին ու չեն պատժվել»,-Նաիրա Զոհրաբյանին հակադարձեց Արմեն Աշոտյանը`հավելելով, որ քանի դեռ ոմանց գուցե ձեռնտու է փողով երեխային դասի չտանելը, կամ քանի դեռ ուսանողը շահագրգիռ է, որ կոռուպցիա լինի բուհում՝ քանի նախարար էլ փոխվի, ու լինի ՀԱԿ կամ այլ կուսակցության անդամ, նման իրավիճակը չի փոխվելու։ Կրկնուսույցների մասով էլ հավելեց. «Ես չեմ մեղադրում, որ պարապում են, բայց որ վարկաբեկում են, խմբեր են ձևավորում և առավոտից երեկո դիմորդ ֆռռացնում, դեմ եմ։ Բայց ո՞վ կարող է արգելել լրացուցիչ գիտելիք ստանալ փողով, ոչ ոք, ես էլ չեմ կարող արգելել»։

Հիշեցնենք, փաթեթով առաջարկվում է երաշխավորված նվազագույն 9-ամյա կրթական համակարգից անցում կատարել երաշխավորված 12-ամյա կրթության: Արմեն Աշոտյանը նկատեց, որ 9 տարի դպրոցում սովորելուց հետո 3-5 հազար երեխաներ ոչ մի այլ տեղ չեն շարունակում կրթությունը, ինչը նշանակում է, որ տարեկան 3-5 հազար երեխա ապագայի համար մատնվում է աղքատության: «Նախաձեռնության միջոցով խնդիր է բարձրացվում մրցունակ կրթական համակարգի, մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելիության, ընդգրկվածության ապահովման նպատակով երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա կրթության համակարգի: Նոր համակարգը հնարավորություն կընձեռի նաեւ սոցիալապես անապահով խավի երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ, քանի որ կրթության բնագավառի հետագա զարգացումներում առաջնային է մասնագիտական կրթության ոլորտի դերը»,-հիմնավորել է նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութերը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031