Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ քցում են անում». դատական կարգադրիչների բողոքը

Մայիս 16,2014 16:49

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մի քանի կարգադրիչներ դիմել էին Aravot.am-ին`խնդրելով պարզել, թե ինչո՞ւ են իրենց «խղճուկ» աշխատավարձից 10 հազար դրամ պահել` խոստանալով վերադարձնել հետագայում: Այս փաստը հատկապես վրդովվեցրել է պարտադիր կուտակայինի զոհ դարձած երիտասարդ կարգադրիչներին, որոնք 5 տոկոս վճարելուց բացի, ստիպված են եղել պետությանը թողնել նաև 10 հազար դրամ:

«Մեր աշխատավարձը մեր կատարած աշխատանքի հետ համեմատ չնչին է, խղճուկ մի գումար է, դուք հաճախակի եք լինում դատերին ու գիտեք, թե ինչ արտառոց միջադեպեր են լինում դատերի ընթացքում, մեկ-մեկ իրար են ուտում, անընդհատ լարված ենք, էսքան պատասխանատու աշխատանքը հերիք չէ 59 հազար դրամ է գնահատվում, մի բան էլ 10 հազարը հետ են պահում: Այս ամիս ստացել ենք 46 հազար դրամ, այսինքն 10 հազար դրամ չգիտես ինչի համար են հետ պահել, 5-ն էլ պարտադիր կուտակայինին է գնացել, ստացվեց 15 հազար դրամ հետպահում: 8 գիշերային կարգադրիչներ ունենք, որոնք ստանում են իբրև թե ամենաբարձր աշխատավարձը` 72 հազար դրամ, որը էլի ծիծաղելի գումար է, նրանցից էլ առանց խտրականության 10 հազար դրամ հետ են պահել: Խնդիրը համատարած է, ներում-բեկում չկա:

Վիրավորական է` դու գիշերներ ես լուսացնում, որ ամիսն ավարտվի, էդ աշխատավարձը ստանաս ու հանկարծ տեսնում ես, որ քո աշխատավարձին աչք ունեն: Դատավորը մի գիշեր հերթապահ է մնում, մեր աշխատավարձի չափ փող է ստանում: Գիշերային աշխատողը, ըստ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի», 1 օր աշխատում է, 3 օր ազատ է, այսինքն, ամիսը 8 օր գիշերային հերթապահություն են անում մեր կարգադրիչները, մեկ հերթապահությունը 2 հազար դրամ է վճարվում»:

Կարգադրիչների ասելով, իրենք այլևս կորցնելու ոչինչ չունեն, իրենց իսկ բառերով ասած, այսպիսի «քցումները» հարկադրում են լրջորեն մտածել հայրենիքը լքելու մասին: «Հայաստանում դատական կարգադրիչները մոտ 600 հոգի են, նրանց 20 տոկոսը կին է, մնացածը տղամարդիկ, ջահել տղաներ, հիմա ինչ է ասածները, էս տղանե՞րն էլ համատարած թողնեն ու գնան», – անչափ նեղսրտած ասաց կարգադրիչներից մեկը:
Aravot.am-ը այս թեմայով պարզաբանումներ խնդրեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության և լրատվության կապերի պատասխանատու Արսեն Բաբայանից, որը տեղեկացրեց, թե ֆինանսների նախարարությունում աշխատավարձի հաշվարկի հետ կապված խնդիրներ են առաջացել, սակայն դատական դեպարտամենտի ու նախարարության համատեղ ջանքերով շտկվել է: Ըստ Արսեն Բաբայանի, քանի որ հուլիսի մեկից պետական աշխատակիցները այլ աշխատավարձ են ստանալու, օրենք է փոխվել, ֆինանսների նախարարությունը սխալվել է՝ կապված աշխատավարձի հաշվարկի հին ու նոր մոդելների հետ: Այժմ ամեն ինչ շտկված է, գումարը արդեն փոխանցել են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031