Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Կառավարությունն այս պահին սրացման չի գնա» (Տեսանյութ)

Մայիս 16,2014 16:24

ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն, ըստ ԲՀԿ պատգամավորի, հարցի ամբողջական լուծում չէ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ժամանակավոր լուծում է տալիս խնդրին:

Այսօր պատգամավորը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծին, ասաց, որ թեեւ նախագիծն ամբողջական լուծում չի տալիս, բայց մյուս կողմից էլ քաղաքացիներին հնարավորություն է տալիս դիմումների միջոցով հետ ստանալ կենսաթոշակային պարտադիր վճարումները, կամ դիմումի միջոցով հրաժարվել պարտադիր վճարումներից. «Մենք դեմ չենք, որ աշխատի այդ տարբերակը, որպեսզի ավելի բարդություններ չլինեն, բայց միաժամանակ մենք արձանագրում ենք, որ սա կես քայլ է, եւ աշնանը մենք կունենանք ավելի լուրջ խնդիրներ: Չէ՞ որ պետք է ամբողջական լուծում տալ: Մեր կողմից առաջարկված լուծումներին կառավարությունն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: Առաջին հերթին պետք է քաղաքական գնահատական տրվի` այս պարտադիր կենսաթոշակային բարեփոխումը շարունակվո՞ւմ է, թե` ոչ, հետ քա՞յլ է, թե կանգառ է տեղում, այսինքն, դա ժամանակ շահել է: 2-րդը պետական բյուջեն շարունակում է փոխանցումներ անել միջազգային ֆոնդերին, քանի որ այդ պահով հակասահմանադրական չի ճանաչվել, բայց անհասկանալի է, թե ո՞ւր են գնում հարկատուների փողերը»:

Պարոն Մելքումյանի խոսքերով` կառավարությունից պատասխան չկա, թե միջազգային ֆոնդերին արդեն փոխանցված 1.4 միլիարդ դրամի ճակատագիրն ինչ վիճակում է:

 

 

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ լուրեր կան, թե պետական հիմնարկներում, հատկապես գերատեսչություններում, ներքին կարգով թույլ չեն տալիս աշխատողներին դիմում գրել եւ հրաժարվել պարտադիր պահումներից, առավելեւս՝ հետ ստանալ արդեն վճարված գումարները: Այս առնչությամբ ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իրենք էլ ունեն նման մտահոգություն, եւ հավանաբար, ԲՀԿ-ն թեժ գիծ կբացի, եւ եթե շատ լինեն դեպքերը, ապա դա շատ ակնհայտ արտահայտվելու է. «Բայց կարծում եմ կառավարությունն այս պահին սրացման չի գնա»:

 

 

Aravot.am-ի այն հարցին էլ, որ բավականին տեւական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ կուտակային վճարումները կառավարությունը մտադիր է հարկատեսակ դարձնել, ի՞նչ կարծիք ունի պատգամավորը խնդրի լուծման այս տարբերակի մասին, Միքայել Մելքումյանն ասաց. «Ես էլ եմ լսել, որ նման բան են ուզում անել, բայց ես չեմ կարծում, որ դա լավ լուծում է, դա հարկային բեռի ավելացում է»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031