Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարմիր գծանշումների գործ. ՀՀ ոստիկանության ներկայացուցիչն ընդունեց, որ ոստիկանները թերացել են

Մայիս 16,2014 16:05

Այսօր ՀՀ Վարչական դատարանում, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, ուսումնասիրվեց Երևանի քաղաքապետարանի դիմաց կարմիր գծանշումներ իրականացրած և հետո բերման ենթարկված Սևակ Մամյանի գործը:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժինը հայց է ներկայացրել՝ Սևակ Մամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Սևակ Մամյանը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն բաժնի՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ավագ իրավախորհրդատու, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Մելիքյանը նշեց, որ 2013-ի օգոստոսի 8-ին Սևակ Մամյանը և նստացույցի այլ մասնակիցներ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի դիմաց՝ ժամը 14.00-ի սահմաններում, կարմիր գույնի ներկանյութով կատարել են կայանատեղերի գծագրում: Ըստ Սոնա Մելիքյանի՝ ոստիկանները ներկայացրել են Սևակին ու մնացածին «օրինական պահանջ»՝ դադարեցնել գործողությունները: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը պնդեց, թե ոստիկանության օրինական պահանջը միտումնավոր չի կատարվել, ուստի Սևակ Մամյանը բերման է ենթարկվել:

Սևակ Մամյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վիճարկեց քաղաքապետարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների պահանջի օրինականությունը, արդյոք այդ ոստիկանները ունեին այնպիսի լիազորություններ, ինչպիսին ունեն բացառապես ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Մյուս վիճահարույց հարցը վերաբերում էր նրան, թե ինչն է եղել Սևակ Մամյանին բերման ենթարկելու հիմքը: Սոնա Մելիքյանը մատնանշեց զեկուցագիրը, որը գրել էին ոստիկանները: Սակայն այստեղ ոչ մի խոսք չկար կարմիր գծերի ներկման մասին, այլ՝ ընդամենը ճանապարհ փակելու մասին:

Արտակ Զեյնալյանը մանրամասնեց, թե բողոքի ակցիան վերաբերում էր նաև ավտոկայանատեղիները վճարովի դարձնելու որոշման դեմ, և որպես ակցիայի դրսևորում՝ նրանք ցանկացել են հենց քաղաքապետարանին տեսանելի դարձնել այդ որոշումը, ուստի կատարել են գծանշումներ: Պարոն Զեյնալյանը հարցրեց՝ արդյոք ոստիկանության ներկայացուցիչները հետո պահանջ ներկայացրե՞լ են այդ գծանշումները վերացնել: Սոնա Մելիքյանը պատասխանեց. «Ոստիկանությունը փողոցները մաքրելու գործառույթ չունի»:
Սոնա Մելիքյանն ընդունեց, որ արձանագրության մեջ կառավարության որոշումներին անդրադարձ չի կատարվել, որ այդտեղ ոստիկանության ներկայացուցիչը թերացել է և նկարագրական մասը բաց է թողնված:

Արտակ Զեյնալյանը շեշտեց, թե Սևակ Մամյանին ակցիան ավարտելուց հետո են բերման ենթարկել և ոստիկանները չեն ներկայացրել պահանջի հիմքերը: Ինչպես նաև նշեց, թե ոչ իրավաչափ է եղել որոշումը՝ Սևակ Մամյանի՝ ալկոհոլ ընդունած լինելը, կամ չլինելը ստուգելը:

Դատարանը անհրաժեշտ համարեց նաև լսել վկաներին՝ Վահե Գրիգորյանին և Սոնյա Մսրյանին, այնուհետև անցնել դատաքննությանը: Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց հունիսի 26-ին, ժամը 11.30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031