Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը չի վերադարձնում քաղաքացու ավելի վճարած գումարը (Տեսանյութ)

Մայիս 16,2014 16:02

Ստեփանավանի բնակիչ Գագիկ Կարապետյանը, դատապարտվելով խմբակային գողության համար, 3,5 տարի պատիժ է կրել ազատազրկմամբ, մինչդեռ հանցավոր խումբն այդպես էլ մնացել է չբացահայտված:

Նախկին դատապարտյալի խոսքով՝ նախաքննություն իրականացնող մարմինն ամեն ինչ արեց ոչ թե հանցագործությունը բացահայտելու, այլ կոծկելու ուղղությամբ: Նրա՝ անազատության մեջ գտնված ժամանակ էլ քրեական հետապնդում սկսվեց որդու իրավունքների համար պայքարող մոր դեմ և ոստիկանական շենքում արդարադատության համակարգի ապօրինությունների վերաբերյալ լրագրողին տված հարցազրույցի համար կնոջը դատավճռով պարտավորեցվեց տուգանք վճարել իբր խուլիգանության համար: Այս ընտանիքի գործն այժմ Եվրոպական դատարանում է:

Ազատ արձակվելուց հետո էլ Գագիկ Կարապետյանը բախվել է ՀՀ արդարադատության նոր անարդարությունների հետ: Դատավճռով, որով նա ազատազրկման է դատապարտվել, սահմանված է նաև հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում: Հետաքրքիր է, որ տուժողը ցուցմունքներում իր բնակարանից կատարված գողությունը մի դեպքում 700 հազարի դրամի չափով է ներկայացրել, մյուս դեպքում՝ 1 միլիոնի: Ի վերջո դատարանը վնասի չափը գնահատել է 1 միլիոն 90 հազար դրամ և Գագիկ Կարապետյանին պարտավորեցրել այդ գումարի չափով վճարել տուժողին:

Նշված գումարը Գագիկ Կարապետյանը վճարել է ամբողջությամբ՝ 12 հազար դրամ էլ ավել, այսինքն՝ 1 մլն 90 հազարի փոխարեն՝ 1 մլն 102 հազար դրամ: Կան արձանագրություններ տուժողին փոխանցված գումարի չափի վերաբերյալ, վերջինիս կողմից ստացական, որոնք, սակայն, դատարանը հաշվի չի առնում քաղաքացու ավել վճարած գումարը նրան վերադարձնելու համար: Այն դեպքում, երբ այդ որոշումն էլ բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Բայց դատարանը համառորեն չի վերադարձնում Գագիկ Կարապետյանի գումարը, դեռ ավելին՝ 100 հազար դրամի տուգանք է նշանակել՝ դատական իշխանություններին վիրավորելու, դատարանի աշխատանքը խոչընդոտելու համար:

Ադրինե ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031