Լրահոս
Օրվա լրահոսը

Գունավոր գրիչները ռիսկային չեն, իսկ քվեաթերթիկի տարբերակող ծալելը`այո՞

Մայիս 16,2014 15:59

«Քվեարկության ամփոփման ընթացքում, եթե ընտրական հանձնաժողովի անդամները, օրինակ, տարբեր գույների գրիչների առումով հնարավոր է պարզեն տարբերակումը, ապա քվեաթերթիկի ճմռթելու, ծալելու առումով, պոտենցիալ ռիսկայնություն է կա»,- այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր կարծիքը բարձրաձայնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը`ներկայացնելով իր հակափաստարկները:

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի`Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը :

ԿԸՀ նախագահը կիսում է ՀՀԿ-ական պատգամավորների մտավախությունները, որ սույն նախագծով հարցին լիարժեք պատասխան չի տրվում. «Եթե հայտնաբերվել են երևույթներ, որոնք խոսում են ակնհայտ վերահսկողության իրականացման մասին, ապա դիմումի դեպքում՝ հնարավոր է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել և վերահաշվարկ իրականացնել: Ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը և մեր ուսումնասիրած երկրներում չենք տեսել մի տեղ, որ նման մեխանիզմ է գործում։ Ընտրական հանձնաժողովի անդամներին նման լիազորություն տալով կստացվի, որ ժողովրդի տված քվեն դարձավ մեկ ուրիշի քվեարկության առարկա»։

Օրինագծի հեղինակ Տիգրան Ուրիխանյանը չհամաձայնեց ԿԸՀ նախագահի հետ՝ պնդելով, որ ինքը խոսում է ոչ թե քվեաթերթիկը ծալելու, այն տարբերակելու մասին. «Բա ինչո՞ւ եք ընտրական հանձնաժողովին տվել հնարավորություն, որ քվեարկության նշանի՝ թռչնակի, աննշան շեղման ժամանակ անվավեր ճանաչի թերթիկը։ Խոսքը հենց տարբերակելու մասին է։ Ես ապավինելով հզոր և հարուստ Հայոց լեզվին՝ սահմանել եմ քվեաթերթիկը տարբերակող ծալելու մասին ձևակերպումը»:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանը կրկնեց նախագիծը մինչև մեկ տարով հետաձգելու մասին առաջարկը՝ հավելելով, որ այլապես իրենց քաղաքական թիմը դեմ է քվեարկելու:

Ձայների 5 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ հարցը չմտավ ԱԺ մեծ օրակարգ։ Դեմ քվեարկողները ՀՀԿ-ական պատգամավորներն էին:

Նիստից հետո Aravot.am եւ 7or.am կայքերի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ինձ համար շատ կարևոր էր կարծիքների բախումը: Կառավարության տված գրավոր բացասական եզրակացությունը նույնիսկ չհնչեցվեց։ Բերվեցին բացարձակապես այլ հիմնավորումներ, որոնք հօդս ցնդեցին իրարամերժ ձևակերպումներով։ Բոլորի կողմից հաստատվեց, որ այս նախաձեռնությունը կարևոր է, բայց կա մտավախություն։ Իսկ մտավախությունը մեկն է, որ չի լինի հնարավորություն նրանց համար, ովքեր շահագրգիռ չեն մարդկանց ազատ, արդար կամարտահայտումը քվեով արտահայտելու մեջ, այլևս չեն ունենա հնարավորություն դրանից օգտվելու։ Սա է իրենց մտավախությունը, ես ուրիշ որևէ ողջամտություն դրանում չեմ տեսնում»։

Ուրիխանյանը համաձայնեց դիտարկմանը`ովքեր կողմ չքվեարկեցին նախագծին, կողմ քվեարկեցին ընտրակեղծիքներին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031