ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի մայիսի 6-ի նիստին ներկա են եղել խորհրդի 22 անդամներից 18-ը: Եվ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջարկած նիստի օրակարգում եղել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2014 թ. հունիսի 8-ի ընտրություններում ՀՀԿ տարածքային կազմակերպության կողմից համայնքի թեկնածուի առաջադրման ու սատարման հարցը:
Ըստ Aravot.am-ի ձեռքի տակ եղած փաստաթղթի (լուսանկարում), միաձայն որոշում է ընդունվել հունիսի 8-ի ընտրություններում ՀՀԿ տարածքային կազմակերպության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել եւ սատարել Վաչագան Ադունցին:
Ավելի վաղ Գորիսի պետական համալսարանի ՀՀԿ-ական ռեկտոր Յուրա Սաֆարյանը վստահեցրել էր , թե իբր Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետի ընտրություններում չի առաջադրվել կուսակցության կողմից, ինչպես ինքն է հայտարարում: «Հանրապետական կուսակցությունը ժողով չի արել եւ չի հայտարարել որեւէ թեկնածուի սատարելու մասին: Նրա առաջադրումը կուսակցության որոշումը չէ, կարող է ինչ-որ մեկ, երկուսի որոշումն է եղել, բայց որպես ժողովի արդյունք հաստատ չի եղել»,- Aravot.am-ին ասել էր պարոն Սաֆարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ