Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի խմածության վերաբերյալ նախաքննական մարմնի բնօրինակի մեջ նման արտահայտություն չկա

Մայիս 16,2014 15:45

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր սկսվեց եւ շարունակվում է ավտովթարի գործով դերասան Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը, միջնորդությամբ հանդես եկավ տուժողներ Արթուր, Հայկ, Տաթեւիկ, Էմմա Հակոբյանների, տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Նա ասաց, որ նախորդ դատականի նիստի ժամանակ հետազոտվեց Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրությունը, որից հետո տուժող կողմը կասկածներ հայտնեց նշված արձանագրության մեջ «օրգանիզմի հետազոտությունը» մասում «հետազոտման արդյունքը» սյունակի դիմաց նշված «սթափ» բառի վերաբերյալ: Բացի վերը նշվածը, «հետազոտման արդյունքը» սյունակում պետք է նշված լինեին թվեր, մինչդեռ ըստ ներկայացուցչի՝ թվերը բացակայում են, իսկ դրանց փոխարեն գրված էր «սթափ» բառը: «Սթափ» բառի «ս» տառը , ըստ Բալոյանի՝ «պարզ, տեսանելի ուղղված է կամ ջնջված: Բացի դա, «սթափ» բառը պետք է գրված լիներ «եզրակացություն» սյունակում, որը կատարվել է «Նիվայի» վարորդի՝ Արթուր Հակոբյանի դեպքում»:
Ըստ միջնորդության՝ տուժող կողմի կասկածներն ավելի են խորացել, երբ Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին է ներկայացրել իր կողմից «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Վերանյանին կատարած հարցման օրինակը եւ Վ. Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության երկրորդ օրինակի պատճենը: «Պաշտպանի կողմից ներկայացված արձանագրության, ինչպես իրենք են ասում՝ երկրորդ օրինակի մեջ «արտաշնչված օդի հետազոտությունը» մասի առաջին ենթակետում որպես մեթոդ նշված է «ալկոմետր», արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ: Մինչդեռ քրեական գործի առաջին հատորի գործ-թերթ N 18-ում առկա նույն Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության, ինչպես իրենք են ասում՝ բնօրինակում, «արտաշնչված օդի հետազոտությունը» մասի առաջին ենթակետում որպես մեթոդ նշված է միայն «ալկոմետր» բառը եւ բացակայում է «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» նախադասությունը»,- ասաց Ռ. Բալոյանը, որի կարծիքով՝ գործի համար կարեւոր նշանակություն ունեցող անձի՝ ալկոհոլ օգտագործված վիճակում գտնվելու փաստն ապացուցող միակ փաստաթուղթը աղավաղված է: «Եթե արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, կապիրովկայով, այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է նույն արձանագրության երկրորդ օրինակի վրա հայտնվում «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» նախադասությունը»,- ասաց Ռ. Բալոյանը:
Նա միջնորդեց, որպեսզի Վ. Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրությունների միջեւ առկա հակասությունները պարզելու նպատակով դատարան հրավիրվի «Նաիրի» ԲԿ բժիշկ Համազասպ Գեւորգյանը, որի գործողությունները, ըստ տուժողի ներկայացուցչի՝ անհասկանալի են, քանի որ նրա կողմից կազմված 2 օրինակից բաղկացած արձանագրության բնօրինակում առկա գրառումները էապես հակասում են նույն արձանագրության երկրորդ օրինակում առկա գրառումներին:
Մեղադրանքը պաշտպանող Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ նախաքննության մարմնին ներկայացված բնօրինակում նման արտահայտություն չի եղել եւ կողմ արտահայտվեց բժշկին դատարան հրավիրելու համար:
Ի դեպ, երբ Վ. Պետրոսյանի պաշտպանը ներկայացրեց հակառակ փաստաթղթեր իր պաշտպանյալի սթափության վերաբերյալ, տուժող Արթուր Հակոբյանը տեղից ռեպլիկի կարգով ասաց,- որ ստում է, ինչի կապակցությամբ դատավոր Վ. Մկրտչյանը նախազգուշացրեց նրան:

Այլ մանրամասները՝ առաջիկայում

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031