Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

News Channel 5. Հյուսթոնի մի անշուք բնակարանից են ֆինանսավորվել հակահայ բանաձևերը

Մայիս 16,2014 15:36

Ամերիկյան «Նյուս Չենըլ 5» հեռուստակայանի հետաքննությունը պարզել է, որ Թեննեսիի նահանգային խորհրդարանի պատգամավոր Ջո Թաունսի անցյալ տարվա ընտրարշավին 10 հազար դոլար հատկացրած «խորհրդավոր նվիրատուների» հետքերը տանում են Ադրբեջան:

Կասկածներն առաջացել են նախ այն ժամանակ, երբ չնայած նահանգային խորհրդարանի նստաշրջանի գործերով բուռն զբաղվածությանը, Թաունսը հանկարծ Թեննեսիի խորհրդարանի ստորին պալատում օրինագիծ է դրել շրջանառության, որը Միացյալ Նահանգներին կոչ է անում պետականորեն աջակցել Ադրբեջանին ( HR 145):

Նախագծի գոյության մասին ամենասկզբում բարձրաձայնել է նահանգի ամերիկահայ գործիչ Բարի Բարսումյանը՝ կասկած հայտնելով, որ ամերիկացիներից որևէ մեկը չէր կարող Թեննեսիի նահանգային խորհրդարանի պատգամավորին խնդրել աջակցել մի երկրի, որը հայտնի է բազմաթիվ իրավախախտումներով և որի առաջնորդն աշխարհի ամենակոռումպացված անձանցից է:

Երբ «News Channel 5»-ի թղթակիցը պատգամավորին է հարցրել՝ ինչու՞, նա պատճառաբանել է, թե որովհետև Ադրբեջանն ԱՄՆ-ի դաշնակիցն է: Թղթակիցը հարցրել է՝ դուք անձա՞մբ եք հանգել այս եզրակացությանը: Պատասխանը ժխտական է եղել: Իսկ ձեզ հայտնի՞ է, որ Ադրբեջանը պատերազմում է իր հարևան Հայաստանի հետ: Պատասխանը դարձյալ ժխտական է եղել:

Ուսումնասիրելով նախորդ տարվա քարոզարշավային դրամահավաքի ժամանակ «խորհրդավոր նվիրատուներից» Ջո Թաունսի ստացած 10 հազար դոլարը, հեռուստակայանի թղթակիցը պարզել է, որ 1000-ից 1500 դոլար հատկացրած բոլոր 7 նվիրատուներն էլ այս կամ այն կերպ առնչվում են Հյուսթոնում գործող՝ Ադրբեջան-Թուրքիա մշակութային կապերի կենտրոնի հետ: Բայց ինչն ավելի տարօրինակ է, վերջին երկու տարիներին այս պատգամավորին նվիրաբերված 13 հազար դոլարի մեկ-երրորդը ստացվել է Հյուսթոնի մի էժանագին ու անշուք բնակարանի հասցեից:

Չնայած ամերիկահայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո այս բանաձևը տապալվել է դեռ հանձնաժողովում քննարկման ժամանակ ու անգամ լիագումար նիստ չի հասել, սակայն Ջո Թաունսը մեկ այլ օրինագծի հեղինակ է, որն ավելի վաղ փաստորեն միաձայն ընդունվել է նահանգային խորհրդարանի Սենատում և որը հայերին մեղադրում է պատերազմի հանցագործությունների մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031