Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի եւ Նիկոլ Փաշինյանի վեճն ու իր ինտելեկտով փայլուն Նաիրա Զոհրաբյանը (Տեսանյութ)

Մայիս 16,2014 15:27

«Այս դահլիճում արդեն Ձեզ հետ մի քանի անգամ առիթ ունեցել ենք ՀՀ բուհերը, ուսանողական խորհուրդները հանրապետականացնելու պրոցեսի կապակցությամբ, և ես լրատվամիջոցներում տեսա, որ նույն բուհը, որի կապակցությամբ մենք բուռն քննարկումներ ենք ունեցել, խոսքը Երևանի տնտեսագիտական համալսարանի մասին է, այդ բուհի Գյումրիի մասնաճյուղում փորձ է արվում նմանատիպ պրոցեսների, և հայտնի պատմություններից հերոսներից մեկն այժմ էլ գործուղվել է Գյումրի, որպեսզի հանրապետականացնի Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճուղի ուսանողական խորհուրդը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել մասնաճյուղում, և բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են»,- այսօր խորհրդարանում ՀՀ ԿԳ նախարարին բուհերի հանրապետականացման մասին հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ նման բաները հիմք են տալիս եզրակացնելու, որ կառավարությունը նախորդ քննարկումներից համապատասխան եզրակացություններ ու հետևություններ չի արել:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում էր կառավարության առաջարկած «կրթական բլոկի»`«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու փաթեթի քննարկումների առիթով: Թեեւ պատգամավորի հարցը քննարկվող հարցերի շրջանակում չէր, այնուհանդերձ, Արմեն Աշոտյանը պատասխանեց` նկատելով, որ նման հարցադրումների համար ԱԺ-ն բավականին շատ հնարավորություններ ունի`հայտարարությունների ժամից սկսած` վերջացրած կառավարության հետ հարց ու պատասխանից. «Ես չունեմ հույսեր կապված նրա հետ, Դուք որ կարող եք ինչ-որ բաներ մոռանալ, ես ուզում եմ շեշտել, որ իմ քաղաքական գործունեության մեջ ես իմ հույսը դնում եմ հակառակորդների ուժեղ կողմերի վրա, ընդդիմախոսների թույլ կողմերը չեն կարող մեզ համար լինել առաջնորդող գործոն, ուստի երկար ժամանակ, քանի դեռ Դուք պատգամավոր եք, ու այնքան ժամանակ քանի դեռ ես նախարար եմ, ցանկացած հարց այս ամբիոնից կարող եմ Ձեզ հետ միասին քննարկել»:

«Գիտե՞ք ինչն է զավեշտալի այս իրավիճակում, Դուք ինձ մեղադրում եք հանրապետականացումների մեջ, հետո մարդիկ խնդրում են խառնվել հանրապետականացումը կանխելու համար: Մի կողմից մեղադրում եք նրա մեջ, որ հանրապետականացնում եք բուհերը, մյուս կողմից խնդրում են դա կանխել. Կողմնորոշվեք` ես ո՞ր դերակատարն եմ, ըստ ձեզ: Չեմ կարծում, որ ԿԳն պետք է խառնվի պետական բուհերից մեկի մասնաճյուղի ուսխորհրդի ընտրությունների գործընթացին: Եթե ուսանողն ունի քաղաքական հայացքներ բուհից դուրս, ազատ կարող է այն իրացնել: Բուհի ներսում ՀՀԿ-ականներն էլ, ՕԵԿ-ականներն էլ, ՀԱԿ-ականներն էլ կարող են առաջադրվել ցանկացած պաշտոնում և ՀՀԿ լինելու հանգամանքը այս կամ այն թեկնածուի… եթե հավատամ նրան, ինչ Դուք ասում եք, կստացվի, որ դիսկրիմինացիոն տեսակետներ ունեք, ուզում եք մարդուն դիսկրիմինացիայի ենթարկել քաղաքական հայացքների համար: Ի՞նչ է ՀՀԿ-ական է, ուրեմն պիտի իրավունք չունենա՞ մասնակցել գործընթացին»,-շարունակեց Արմեն Աշոտյանը:

Նախարարն ասաց, որ մարդիկ տարբեր քաղաքական հայացքներ ունեն եւ թող իրենք որոշեն` ո՞ւմ են ընտրելու. «Ես չեմ խառնվելու ու միաժամանակ թույլ չեմ տալու, որ որևէ մեկը համակարգից դուրս խառնվի ուսումնական հաստատության ստորաբաժանումներից մեկի բնականոն գործունեության մեջ: Ո՞ւմ կընտրեն` ՀՀԿ-ականի, ԲՀԿ-ականի…. դեռևս անհայտ քաղաքական ուժի, թող ընտրեն իրենք»:

Նախարարի պատասխանը համոզիչ էր ՀԱԿ պատգամավորի համար: «Դուք սխալ հասկացաք` ես Ձեզնից ու ձեր կառավարությունից որևէ բան խնդրելու ցանկություն չունեմ: Ձեզ` որպես ԿԳՆ, որպես Տնտեսագիտականի խորհրդի անդամ, ասում եմ կասեցրեք ձեր հանրապետական ուսանողական «բանդաներին, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիները իրենք կանեն իրենց հասու մեթոդներով: Ես Ձեզ չեմ խնդրում, ես զգուշացնում եմ, հետո չասեք, թե չենք զգուշացրել»:

Արմեն Աշոտյանի արձագանքի պահին տեղից ռեպլիկի կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում ձայնը լսելի չէր, սակայն, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Փայլուն եք Ձեր ինտելեկտով, տիկին Զոհրաբյան»:

Ապա պատասխանեց Փաշինյանին. «Ձեր զգուշացումների կարիքը չունեմ, ոչ էլ նախազգուշացումների, ոչ էլ թույլ կտամ, որ այս դահլիճում կառավարության ներկայացուցչի հետ որևէ մեկը խոսի քողարկված սպառնալիքների լեզվով: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն: Ես չեմ խառնվելու ուսանողների ազատ կամարտահայտությանը, ինչ վերաբերում է «բանդաներին», եկեք դրա մասին չխոսենք, ամոթ է, պատիվ չի բերում արձագանքել նման բառամթերքով արտահայտված մտքերին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031