Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպումը Քաթարին հանձնելու որոշումը սխալ լինելու թեման մնում է օրակարգում:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը RTS հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է այդ որոշումը: «Այո, դա սխալ էր: Բայց գիտեք, որ մենք կյանքում հաճախ ենք սխալներ գործում: Չի կարելի անտեսել նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակը», – ասել է նա:
Բլատերը ճնշում գործադրելու մեջ մեղադրել է Ֆրանսիային եւ Գերմանիային՝ հիշեցնելով Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի եւ Քաթարի էմիրի հանդիպումը, որին հրավիրված են եղել նաեւ ինքն ու միջազգային ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնի համար իր գլխավոր մրցակից Միշել Պլատինին: Այդուհանդերձ, Բլատերը Պլատինիին իրեն մրցակից չի համարում: «Չպետք է մոռանալ, որ մեր կարիերաները փոխկապակցված են: Միշելն իմ սանն է դարձել եւ օգնել ինձ 1998 թվականին կանգնել ՖԻՖԱ-ի ղեկի առջեւ: Չեմ հավատում, որ նա «ուզում է սպանել իր հորը», չեմ կարծում, թե Միշելն իմ դեմ կելնի», – ասել է Զեպ Բլատերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ AFP-ի