Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ» շարժում. «Մեր պահանջները չեն կատարվել, պայքարը շարունակելու ենք»

Մայիս 16,2014 14:10

Երեկ ԱԺ-ն 67 կողմ, 29 ձեռնպահ և 18 դեմ ձայներով` Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի լրամշակված օրինագիծն ընդունեց:  Այս առնչությամբ այսօր «Մեդիա կենտրոնում» «Դեմ! եմ» նախաձեռնության անդամները վստահեցրին, որ նոր օրինագծում էլ իրենց ոչ բոլոր պահանջներն են ընդունվել, եւ իրենք շարունակելու են պայքարել:

Նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի խոսքերով՝ «Քաղաքացիների հետեւողական պայքարի արդյունքում կառավարությունը ավելացրեց դիմումների հատվածը, որ պետք է գրեն դիմումներ, որպեսզի գումարը չպահվի: Սա առաջընթաց է, ձեռքբերում է, սակայն կան բազմաթիվ վերապահումներ, որոնք առաջացնում են խնդիրներ: Մասնավորապես ասվում է, որ պետք է դիմում գրեն, որպեսզի հրաժարվեն այդ համակարգի մասնակցությունից: Սա անտրամաբանական է: Եթե 80 տոկոսն է դեմ, ինչպե՞ս պետք է 80 տոկոսը դիմում գրի, ոչ թե 20 տոկոսը»:

Մյուս խնդիրը, ըստ նախաձեռնության անդամների, վերաբերում է այն գումարներին, որ պետք է կառավարությունը փոխանցի ֆոնդերին. «Սա ՍԴ-ն էլ վիճելի համարեց՝ ասելով, որ ԿԲ-ի դերը չարաշահված է: Սա նշանակում է, որ կառավարությունը գործի է դնում մի մեխանիզմ, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել: Մենք այսքան ժամանակ պայքարել ենք պարտադիր բաղադրիչի դեմ, փաստորեն, անձի մասնակցությունը համակարգին դարձել է կամավոր, բայց համակարգը մնացել է պարտադիր: Սա նշանակում է՝ պայքարը պետք է շարունակվի: Մենք պետք է պայքարենք, որ այս վիճահարույց կետերը եւս շտկվեն»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Գումարների վերադարձելիության հետ կապված, թե որքանով է նոր օրինագիծը համապատասխանում նախաձեռնության պահանջներին՝ Լուսինե Վաթյանը նշեց, որ գումարների հետ վերադարձման հարցը բարձրացված չէ, եւ իրենց պահանջները չեն բավարարվել. «Մեր պահանջները սահմանադրական են: Պահանջները կատարվել են թերի, մնացել են խոցելի հարցեր, որոնք այսօր լուծում չեն կարող ստանալ, թեեւ ակնկալվում էր, որ նոր օրինագծով կլինի: Այսօր չունենք դա»:

Նախաձեռնության անդամները կոչ արեցին քաղաքացիներին, որ դիմումներ գրեն եւ որեւէ ճնշման չենթարկվեն. «Դիմումների ձեւը կմշակվի, կհրապարակվի եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ֆոնդեր են ընտրել, կարող են դիմում գրել եւ ընթացիկ ամսվանից պահումներ չեն լինի իրենցից: Դիմումները օրենքի ուժ են ստացել»:

Հարցին՝ բացառո՞ւմ եք ճնշումներ գործատուների վրա՝ Լուսինե Վաթյանը պատասխանեց, որ այդ հարցը միշտ եղել է խոցելի. «Հուսանք, որ ճնշումների դեմ քաղաքացիները կլինեն ավելի ինքնակազմակերպված եւ կպայքարեն: Մենք ուշիուշով հետեւելու ենք»:
Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանի խոսքերով էլ՝ եթե գործատուները ճնշեն դիմում գրել ցանկացող աշխատողներին, թող գիտակցեն, որ դա հանցագործություն է եւ համապատասխան ձեւով պետք է պատժվի:

Նախաձեռնության անդամները վստահեցրին, որ կառավարության քաղաքականությունը ձախողված է եւ հիմա էլ այդ ձախողված քաղաքականությունը փորձում են առաջ տանել. «Ակցիաներ անպայման լինելու են, քանի որ մեր պահանջները չեն կատարվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031