Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը սահմանադրական փոփոխություններին քաղաքական աստառ չի տալիս

Մայիս 16,2014 13:11

Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը չի ցանկանում քաղաքական գնահատական տալ սահմանադրական այն փոփոխություններին, որոնք վերաբերում են կառավարման խորհրդարանական համակարգի մոդելին: Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին այսպես արձագանքեց նախարարը`հավելելով, որ նաեւ որպես նախարար, նոր է ներգրավվում այդ քննարկումներում:

Հարցին`չի՞ կարծում, որ սահմանադրական առաջարկող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը ցանկանում է երկարաձգել իր իշխանությունն`անցնելով խորհրդարանական կառավարման, ինչպես նկատել էր Ռոբերտ Քոչարյանը, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ցանկանում է ամբողջական գնահատական տալ այդ փոփոխություններին, որովհետև դրանք չեն վերաբերում միմիայն կառավարման մոդելին, այլ նաև կարևոր մի շարք ինստիտուտներին, օրինակ` մարդու իրավունքների արդյունավետ իրացմանը:

«Այդ փոփոխությունները վերաբերելու են երկրի առաջիկա տասնամյակների զարգացմանը: Իհարկե, հետաքրքրական է կառավարման մոդելի հարցը, բայց ես ավելի շատ հակված եմ այն քննարկել իշխանությունների տարանջատման, հակակշիռների ու զսպումների մեխանիզմի շրջանակում, որովհետև, իմ խորին համոզմամբ, բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ մոդելներ չկան: Կան մոդելներ, որոնք բալանսավորված են և հարմարեցված տվյալ երկրի համար»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Նոր նախարարը խնդիր չի տեսնում, որ ՀՀ Սահմանադրությունը հաճախակի է փոփոխվում, քանի որ Սահմանադրությունը ևս «ապրող մեխանիզմ» է: Ըստ նախարարի, կան երկրներ, որոնցում այդ փոփոխությունները ավելի ճկուն են տեղի ունենում, և այդտեղ որևէ վտանգավոր խնդիր չի տեսնում: «Կարևորը ճիշտ բալանսն է, իրավասություն, լիազորություններ և այդ լիազորություններին համահունչ` բալանս: Եվ եթե այդ բալանսը ճիշտ է ընտրված, որևէ երկրում կարող է ճիշտ գործել թե նախագահական համակարգը, թե խորհրդարանական համակարգը»,- եզրափակեց նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031