Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամով (Տեսանյութ)

Մայիս 16,2014 13:07

Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են ՏՄՊՊՀ-ին, տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են դեռեւս 4 տարի առաջ եւ շենքը հանձնվել է շահագործման: Սակայն, էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել: Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանաձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Հայաստանի էլեկտրական ցանցերին, կամայական գործողությունների համար, էներգամատակարար ընկերությանը տուգանեց 20 մլն դրամ:

Բանն այն է, որ կառուցապատող «Միլար» ՍՊԸ-ն պայմանագիր է ունեցոլ ՀԷՑ-ի հետ՝ շենքը հոսանքով ապահովելու, սակայն, քանի որ կառուցապատող ընկերությունը պարտք է էլեկտրամատակարար ընկերությանը, ՀԷՑ-ը հրաժարվում է բնակիչների հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր կնքել:

ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով, ՀԷՑ-ի պահանջը օրինական չէ բնակիչների նկատմամբ, ՀԷՑ-ը որոշել է, որ բնակիչներին հոսանք չտրամադրելով կստիպի շենքի կառուցապատողին պարտքերը վճարել, ինչը, Արտակ Շաբոյանի համոզմամբ, մենաշնորհային դիրքի չարաշահում է: Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը հանդիսանում է «ՀԷՑ»-ը: Հետեւապես, հանձնաժողովի դիտարկմամբ, ՀԷՑ-ն իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը:

ՀԷՑ-ի ներկայացուցիչ Հովհաննես Պետրոսյանը հանձնաժողովին պարզաբանեց, որ ՀԷՑ-ը այս հարցի հետ կապված դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հարցը կարգավորի:

 

Հարցը զեկուցող ՏՄՊՊՀ վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ ՀԷՑ-ը հայտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031