ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին:
Փոխվարչապետը երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին:
Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշեց, որ նա ունի թե օրենսդիր մարմնում, թե պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձ, երկար տարիներ աշխատում է մարզում եւ քաջատեղյակ է մարզի խնդիրներին: Նա վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Փոխվարչապետը կարեւորեց մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ կատարումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին