Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻՑՔԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս 16,2014 12:57

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներեքերորդ

ԼԻՑՔԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես տեսնում եք, ինքս ինձ հաղթելով ու հաղթահարելով՝ շարունակում եմ գրել ու արտահայտվել, որովհետեւ ինքս ինձ հույս տալով՝ արդեն սկսում եմ մտածել, որ համակարգչի միջոցով կարդացողների մեջ էլ կարեւորագույն մարդիկ կան ու կլինեն, ու էդպես ենթադրելու համար միանգամայն բավարար հիմք ունեմ, այն է՝ մաթեմատիկայի դոկտոր Ղազարյան Հայկն էն գլխից՝ թերթով տպագրելուս օրոք էլ էր էս վեպս համակարգչով ու ինտերնետով կարդում, եւ, բնականաբար, հետայսու էլ կշարունակի, եթե, իհարկե, չհոգնի ու չձանձրանա, եւ, որ ամենակարեւորն է, հետայսու ինքս էլ եմ իմ էս գրածներին համակարգչի ու ինտերնետի միջոցով հաղորդակցվելու, եւ ուրիշ տարբերակ չունեմ էլ, եւ չեմ էլ կարող վեպիս էս գլուխները շրջանցել ու չկարդալ, եւ Անժիկի մուտքագրելուց հետո պիտի անպայման առնվազն մի անգամ աչքի անցկացնեմ, որպեսզի «Առավոտի» կայքում առանց սխալների ու վրիպակների տպագրվի, եւ հիմա, երբ էս «տպագրվել» բառը գրեցի, հանկարծ հասկացա, որ էս վեպս այլեւս չի տպագրվում, որովհետեւ դժվար է էլեկտրոնային ու ինտերնետային էս թողարկումները տպագրություն համարել. այսինքն, ես այսուհետ չեմ կարող ասել թե՝ էս վեպս տպագրվում է, բայց, դրա փոխարեն, ազատորեն կարող եմ ասել, որ էս վեպս շարունակում է լույս տեսնել, որովհետեւ համակարգիչն ու ինտերնետը լույսի ու մանավանդ էլեկտրաէներգիայի հետ ավելի կապ ունեն, քան՝ տպագիր թերթն ու մանավանդ գիրքը. այնպես որ, ես ամենայն իրավունքով կարող եմ ասել ու հայտարարել, որ իմ էս «Հայկական ժամանակը» կանգ չի առել եւ շարունակում է լույս տեսնել, եւ դա ինձ համար նվեր է, եւ ես էլ որոշեցի իմ կողմից «Առավոտին» նվեր անել՝ վերջին էջի ամենօրյա հումորները վերականգնելով, իսկ ինչ վերաբերում է էս վեպիս, բոլոր դեպքերում շարունակելու եմ, որովհետեւ էս վեպս ինձ համար ամենօրյա լիցքային վարժության պես բան է դառել, ավելի ճիշտ՝ առավոտները հաց ուտելու պես բան, եւ չնայած շատերին գիտեմ, որ առավոտները բան չեն ուտում ու օրվա կեսին են մի բան բերանները գցում, եւ չնայած շատերին գիտեմ, որ ոչ թե առավոտներն են ստեղծագործում, այլ բացառապես՝ գիշերները, ինքս էդ տեսակը չեմ, եւ եթե առավոտները բան չեմ ուտում, գլուխս սկսում է ցավել, որովհետեւ չուտելու դեպքում էլ եմ պարտադիր ու նույնքան ծխում, եւ եթե առավոտյան չեմ ստեղծագործում, օրվա մնացած ժամերին բառ անգամ չեմ կարողանում գրել, եւ, խոսքը մեր մեջ, իմ էս ամեն օր գրելը ստեղծագործել չեմ էլ համարում, այլ, ինչպես արդեն ասացի, առավոտվա ուտելու կամ առավոտվա լիցքային վարժության պես մի բան, բայց էս վարժություններս ավելի շատ հոգեւոր իմաստ ունեն, քան՝ ֆիզիկական, եւ իմ տարիքում դա միանգամայն բնական է, որովհետեւ իմ տարիքի մարդն ավելի շատ իր հոգին կոփելու կարիքն ունի, քան՝ մարմինը, եւ հենց էս մտքիս վրա կանգ առա ու մտածելով հասկացա, որ առանձնապես ճշմարտություն չեմ ասում, որովհետեւ իմ տարիքի ու ինձնից էլ տարիքով շատ մարդիկ գիտեմ, ովքեր առավոտից իրիկուն իրենց ֆիզիկականի ու իրենց առողջականի մասին են մտածում եւ առավոտից իրիկուն զանազան բուժհիմնարկների ու բժիշկների դռներին են եւ առավոտից իրիկուն առողջարարական քայլքով ու նմանատիպ բաներով են զբաղված, եւ եթե ես նմանատիպ բաներով չեմ զբաղվում, էդ չի նշանակում թե՝ իմ հասակակից ուրիշներն էլ չեն զբաղվում, եւ եթե ես ամեն առավոտ վեր կենում եւ սուրճս ու ծխախոտս ըմբոշխնելով՝ էս վեպս եմ քոքում, էդ չի նշանակում թե՝ իմ հասակակից ուրիշներն էլ են նույնն անում. այսինքն, ցանկալի ու գերադասելի է, որ խոսեմ ու արտահայտվեմ բացառապես իմ անունից, եւ հիմա իմ անունից խոսելով ու արտահայտվելով՝ պիտի ասեմ, որ ես էլ իմ ձեւով ու իմ չափով եմ առողջականիս մասին մտածում, եւ առողջականիս մասին մտածելով՝ ամենաթույլ «ESSE-1» սիգարետն եմ ծխում, եւ չնայած էս «ESSE-1»-ն ամենաթույլ սիգարետն է համարվում, իմ սրտի ու իմ թոքերի պարագայում ուժեղից էլ ուժեղ է, որովհետեւ դեռեւս տարիուկես առաջ երկու միանգամայն տարբեր թոքաբաններ ինձ խստիվ նախազգուշացրել էին, որ եթե ծխելը չթարգեմ, մի քանի ամիս էլ չեմ ձգի, իսկ մինչ այդ էլ սրտաբաններն էին նույնն ասում, իսկ մինչ այդ էլ Հավատացյալ Խորենն ինձ ասում էր, որ մեր ապրելու ու մեռնելու ժամկետները միայն ու միայն Աստված է որոշում ու հաստատում, եւ էս պահի դրությամբ, իհարկե, հակված եմ հավատացյալի ասածին հավատալ, մանավանդ որ՝ ոչ միայն ծխելը թարգել չեմ կարողանում, այլեւ պակասեցնելն էլ չի ստացվում, եւ չնայած էս «ESSE-1»-ն ամենաթույլ սիգարետն է համարվում, որոշ դիտորդներ էլ ասում են, որ բնության ու իրականության մեջ ընդհանրապես թույլ սիգարետ գոյություն չունի, ու նաեւ ենթադրում են, որ էդ թույլ կոչվածներն իրենց մեջ ավելի շատ թունաքիմիկատներ են պարունակում, եւ չնայած շուրջս էսքան տարատեսակ կարծիքներ են արտահայտվում, ես հակված եմ Հավատացյալ Խորենի ասածին հավատալ, մնավանդ որ՝ սրանից երկու տարի առաջ Ավանդական բժշկության ինստիտուտի գլխավոր բժիշկ Էլեոնորա Մնացականովնան սրտիս ու թոքերիս վիճակն ստուգելով եւ ծխելուս ծավալների մասին տեղեկանալով՝ ապշահար նայեց ինձ ու ասաց՝ «դու Աստծո պահած ես, Շեկոյան ջան», եւ ես, ինչ մեղքս թաքցնեմ, իր էդ ասածին հավատում եմ. ավելին. ոչ միայն հավատում եմ, որ ինքս եմ Աստծո պահած, այլեւ որ՝ բոլորս ենք Աստծո պահած, որովհետեւ ամեն ամեն առավոտ զարթնելով եւ հանապազօրյա մեր երկրային ճանապարհն անցնելով՝ մենք օրվա ընթացքում բազմիցս փրկվում ենք, ընդ որում՝ բառի բուն իմաստով ենք փրկվում, իսկ ավելի ստույգ՝ ստույգ մահից ենք օրվա մեջ բազմիցս փրկվում, ընդ որում՝ անձամբ մեր Աստծո շնորհիվ ենք ստույգ մահերից փրկվում, եւ Էլեոնորա Մնացականովնայի ասածից հետո էդ մասին որ մտածում եմ, հասկանում եմ, որ, իրոք, ինքս բոլորից ավելի եմ Աստծո շնորհիվ ստույգ մահերից փրկվել:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031