Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորն առաջարկում է կանխել վերահսկելի ընտրությունները (Տեսանյութ) 

Մայիս 16,2014 12:38

«Եթե քվեաթերթիկը ծալված է անհամաչափորեն, եւ տվյալ ծալվածքը ակնհայտորեն հանդիսանում է, որպես տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց, ապա այն համարել անվավեր»,- ՀՀ ընտրական օրենսգրքում նման փոփոխություն է առաջարկում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Այս հարցն այսօր քննարկվում էր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում:

«Քանի որ քվեարկությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է փակ գաղտնի կերպով եւ արգելված է որեւէ կերպ հատուկ նշումների միջոցով կամ այլ ձեւերով տարբերակել կոնկրետ քաղաքացու քվեաթերթիկը, սույն նախաձեռնությունը նպատակ է հետապնդում բացառելու հատուկ կերպով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը եւ տարբերակումը: Եղել են նախադեպեր, երբ ընտրողները, կարծես թե, օրենսդրությամբ չարգելված ձեւով հատուկ կերպով ծալելու միջոցով առանձնացրել են իրենց քվեաթերթիկները մյուսներից, ինչի արդյունքում հնարավոր է եղել դրանք տարբերակել: Փոփոխությունը նպատակ ունի կարգավորելու այդ հարցը»,- սա իր առաջարկի հիմնավորումն է պատգամավորի կողմից:

Հանձնաժողովի քննարկումներում նպատակը`վերահսկելի ընտրությունները չեզոքացնել, ողջունելի համարեցին: Բայց, պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Արփինե Հովհաննիսյանն այն դիտարկում են լրացուցիչ հնարավորություն է հանձնաժողովին անդամներին`ցանկացած թեկնածուի քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու համար:

Էդմոն Մարուքյանը անգամ քաղաքական աստառ տեսավ`ասելով, որ բոլոր ժամանակներում էլ հանձնաժողովներում մեծամասնությունը իշխող ուժն է լինում եւ չի բացառվում, որ պատգամավորի բարի նպատակները կարող են իրենց շահերի համար օգտագործվել:

Պատգամավորների երկխոսությունը` տեսանյութում

 

 

Առաջարկը դրական որակեց, բայց մտավախություններ հայտնեց նաեւ հարցի հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: «Կարեւոր հարց եք բարձրացնում, ցավում եմ, որ փորձում են քաղաքականացնել: Բայց խնդիրը հարցը չի կարգավորում, ավելի է խճճում`հանձնաժողովի անդամներին սուբյեկտիվիզմի մղելով: Այս կարգավորմամբ, իմ կարծիքով, ձեր նշած կարեւոր խնդիրն իր լուծումը չի ստանում»:

Միակ պատգամավորը, որը սկզբունքորեն դրական արտահայտվեց առաջարկվող փոփոխությանը`ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր: «Սա վերահսկվող քվեարկության դեմ կոնկրետ առաջարկ է: Ի՞նչն է խանգարում, որ գաղափարը վերցնենք, դրական եզրակացությամբ մտցնենք մեծ օրակարգ, ձեւակերպումները, որոնք վիճելի են, փորձենք կոնսենսուս գտնել: Եթե գաղափարն արժեւորում եք`անենք»:

«Մենք պատրաստ ենք վերահսկվող ընտրությունների դեմ պայքարել: Առաջարկում եմ հետաձգել նախագիծը մինչեւ մեկ տարի ժամանակով, քննարկենք եւ այլ առաջարկներ էլ ընդգրկենք»,- հակընդդեմ առաջարկ հնչեցրեց Հովհաննես Սահակյանը: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ հետաձգելու մասին խոսք լինել չի կարող: Հորդորեց երանգավորումներ էլ չտալ:

Հարցի քննարկումն ընդհատվեց: Ավելի ուշ, առաջարկի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031