Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Կառավարման համակարգի մշակույթի առումով մենք մտնում ենք մի կառույց, որը շատ ավելի վատն է, քան Հայաստանինը». «Իրատես de facto»

Մայիս 16,2014 12:04

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցից:

– Ազարովը հայտարարեց, որ Հայաստանը ՄՄ է մտնելու իր գործող սահմաններով, ԼՂՀ-ի հարցը ընդհանրապես չի քննարկվել, դա նշանակում է, որ ՀՀ-ԼՂՀ մաքսակե՛տ է դրվելու։

– Այդ խոսակցությունը նոր չէ։

– Այո, բայց միշտ ասվել է, որ հարցը լուծվելու է, սա լուծո՞ւմ է։

– Իհարկե, լուծում չէ, բայց առաջի՞ն դեպքն է։ Սերժ Սարգսյանն ասում էր գազը չի թանկանալու, հիմա էլ ասում է Հայաստանն ամենաէժան գազն է ստանում, ամենաէժան ստացվող գազի դիմաց սպառողն ամենաթանկ գինն է վճարում։ Ինչպե՞ս է լինում։ Հակասություններն այնքան շատ են, որ նույնիսկ չարժե քննարկել։

– Հնարավո՞ր է՝ դա պատճառ դառնա, որ Հայաստանը համաձայնագիրը չստորագրի։

– –Հայաստանն ի սկզբանե պիտի այդ քայլին չգնար։ Մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս վերպետական որևէ կազմավորման ենթակայություն, որը լինելու է ՄՄ-ի պարագայում, իսկ ասոցացման պայմանագիրը ԵՄ-ի հետ նման կառույցի ենթակայություն չէր ենթադրում, որովհետև պայմանավորվածությունները պետք է լինեին բացառապես երկկողմանի։ ԵՄ-ին անդամակցությունը և ԵՄ-ին ասոցացումը տարբեր իրավական կարգավիճակներ են, ասոցացման համաձայնագիրը առևտրատնտեսական երկկողմանի պայմանագիր էր։ ՄՄ-ի դեպքում մենք չունենք տնտեսական շահավետություն։ 1994-ից ՌԴ-ի հետ ունենք ազատ առևտրի պայմանագիր, ի՞նչ է դա մեզ տվել, մեր առևտրաշրջանառությունը Ղազախստանի ու Բելառուսի հետ զրո ամբողջ մի քանի տոկոս է, դա մեզ ի՞նչ է տալու։ Պարզ է, որ Հայաստան ներդրումներ չեն գալու, մեզ տնտեսության իրական հատվածում ներդրումներ են պետք։ Պարզ է, որ ՄՄ-ն մեզ նոր տեխնոլոգիաներ չի բերելու, որովհետև ինքը չունի, մենք որակյալ ու մրցունակ ապրանքներ չենք կարողանալու արտադրել, ուստի ոչ ՄՄ-ն, ոչ Եվրասիական միությունը ոչինչ չեն տալու շուկա դուրս գալու առումով։ Վերջապես, կառավարման համակարգի մշակույթի առումով մենք մտնում ենք մի կառույց, որը շատ ավելի վատն է, քան Հայաստանինը։ Մենք բողոքում ենք մեր կառավարման համակարգից, բայց մտնում ենք մի տարածք, որտեղ կոռուպցիան ավելի զարգացած է, ստվերն ավելի մեծ, առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ակնհայտ է դառնում։ Ես համոզված եմ, որ Հայաստանին ՄՄ, Եվրասիական տնտեսական դաշտ մտնել ուղղակի չի կարելի, որովհետև բոլոր կողմերով, բացի իշխանությունը պահելուց, մեզ օգուտ չի տալու։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031