Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր աթոռը Թանգարանային գիշերը կբացի իր երկու թանգարանների դռները

Մայիս 16,2014 11:55

1978 թ.-ից յուրաքանչյուր տարի աշխարհում մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր: Անցյալ տարվանից համաեվրոպական միջոցառմանը միացել է նաեւ Մայր Աթոռը՝ իր թանգարաններով: Այսօր «Ելակետ» ակումբում Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը խոսեց Մայր Աթոռի թանգարաններում կայանալիք ծրագրերի մասին:

«Արդեն երկրորդ անգամ մասնակցում ենք «Թանգարանային գիշեր» ծրագրին, անցյալ տարի երեկոյից մինչ ուշ գիշեր բաց էին Ավանդատուն թանգարանի դռները, այս տարի էլ դիմեցինք Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետին, որ այս տարի էլ մասնակցենք: Միակ նորությունը այն է լինելու, որ այս տարի բաց է լինելու նաեւ անցյալ տարի հիմնադրված Ռուբեն Սեւակ թանգարանը, մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու այն հարուստ ժառանգությունը, որ Ռուբեն Սեւակի եղբորորդին նվիրել է Մայր աթոռին, կցուցադրվեն նաեւ արխիվային նյութերը: Այդ օրը կկայանա մեր երգչախմբի համերգը եւ երգեհոնային համերգ: Կհնչի հայ հոգեւոր եւ դասական երաժշտություն, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների գործեր: Մարդիկ անցյալ տարի սիրով ընդունեցին այն փաստը, որ Մայր աթոռում կազմակերպվում է հոգեպարար միջոցառում: Ափսոս, որ հայաստանյան տաճարներում ընդունված չեն նման համերգները»,-ասաց հոգեւորականը:

Նա հավելեց, որ Մայր աթոռի թանգարանը հիմնադրվել է Գեւորգ Չորրորդ կաթողիկոսի օրոք ՝ 1869 թվականին, անցյալ տարի այս թանգարանի էին այցելել ոչ միայն երեւանցիներ, այլեւ մոտակա քաղաքների եւ գյուղերի բնակիչներ, նույնիսկ ուխտավորներ՝ հեռավոր մարզերից: Տեր Ասողիկը նշեց, որ չեն հաշվել այցելուներին, բայց հավանաբար նրանց թիվն անցյալ տարի անցել է 3000-ը:
Նրա խոսքով, ընդհանրապես Մայր աթոռի թանգարանի այցելուների առյուծի բաժինը կազմում են օտարերկրացիները եւ սփյուռքահայերը, տուրօպերատորների փաթեթում անպայման ներառված են Մայր աթոռի թանգարանները:

Հավելենք, որ Մայր աթոռում գործում է հինգ թանգարան:

Տեր Ասողիկը հավելեց, որ այս տարի թանգարանային գիշերը այցելուները հնարավորություն կունենան դիտելու 17-րդ դարի բացառիկ ասեղնագործ գորգիկ, որը Արցախ-Ուտիքի կողմերի ծագում ունի: Հոգեւորականի ասելով, սովորաբար ադրբեջանցիները նման նմուշները իրենց են վերագրում, մինչդեռ դրանք հայկական ծագում ունեն: Մայր աթոռի ինքնատիպ ու արժեքավոր այս նմուշը ձեռք է բերել արցախյան ծագումով մի քաղաքացուց, որը որոշել էր այն վաճառել: Ի դեպ, գորգագետները հավաստիացրել են, որ գորգիկը պատիվ կբերի յուրաքանչյուր թանգարանի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031