Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Գրիգոր Մուրադյանին վրդովվեցրեց Հրայր Թովմասյանի մասին Գագիկ Ջհանգիրյանի հիշեցումը

Մայիս 16,2014 11:48

Կառավարությունն անհետաձգելի է ճանաչել նախագծերի մի փաթեթ, որն առնչվում է դատավորների վարքագծի սահմանման եւ գնահատման միավորների սահմանմանը վերաբերվող, դատավորների եւ դատարանների նախագահների լիազորությունների դադարեցմանը: Հարցը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը բավական հպարտորեն նկատում էր, որ նախագիծը Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել: Հարցի հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե նախագիծն այս տեսքով է մնալու, ինքը հավանաբար կհրաժարվի համազեկուցողի կարգավիճակից, քանի որ նախկին նախարարի հետ դեռ քննարկում է եղել եւ խոստում`առկա էական անհամաձայնությունները շտկելու համար, բայց հիմա այն նույն տեսքով է բերվել:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ բովանդակային առումով կան լուրջ խնդիրներ եւ իրենք աշխատանքային կարգով ու ցանկացած ձեւաչափով պատրաստ են հարթել բոլոր անհարթությունները: Ասաց, որ ինքը դատական համակարգում էլ է քննարկումներ ունենում հարցի վերաբերյալ, բայց կան նախագծի ընդունման ժամկետներ, ուստի առաջարկեց դրան դրական քվեարկել`հետագայում վիճելի հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու միտումով:

«Լավ է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումները ձեզ մոտ դրական տպավորություններ են թողել, մեզ մոտ լրիվ հակառակն է: Չգիտեմ ինչ են գրել, բայց մենք ՀՀ օրենք ենք ընդունում: Ես նախորդ նախարարին էլ եմ ասել, որ լիազորություններ, որոնք սահմանադրությամբ բացառապես նախագահի լիազորությունն է, դուք օրենքում գրում եք`սենց…»,- դիմելով արդարադատության փոխնախարարին ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Էս դատական համակարգն առանց էլ գործադիրի կոշիկի տակ ա: Մի հատ էլ սենց օրենքներով մենք ինքնուրույնություն ունեցող դատավորներին մի հատ էլ ջարդե՞նք: Մանուկյանն ասաց, որ պատրաստ ենք քննարկել, դուք Վենետիկի օրինակն եք բերում…Թովմասյանն էլ էր ստեղ ասում`հա, հա, հա, մենք ստեղ քվեարկում էինք, գալիս էր լիագումար նիստ`դառնում էր չէ»,- ասաց պատգամավորը`հավելելով, որ փոքր հանրապետություն է ու չի հաջողվելու «անոնիմ» բաներ անել, «սաղ էլ իմանալու են»:
Գրիգոր Մանուկյանը նեղվեց նախկին շեֆի հասցեին հնչած դիտողությունից: «Ճիշտ չէ մարդկանց բացակայությամբ խոսել նրանց մասին»,- Գագիկ Ջհանգիրյանին հակադարձեց նա:

Իսկ ինչ վերաբերվում է բովանդակային հարցադրումներին`ասաց. «Մենք ասացինք պատրաստ ենք քննարկելու: Ես իմ տպավորությունները ներկայացրեցի վենետիկյան հանձնաժողովից, այն իմ գովերգի կարիքը չունի»:

«Ես որեւէ խնդիր չեմ ունեցել ձեր նախկին ղեկավարի երեսին ինչ-որ բան ասելու, եթե ցանկություն ունեցել եմ: Բայց լավ է, որ դուք պաշտպանում եք ձեր նախկին ղեկավարին, մարդկային մոտեցում է»,- հակադարձեց Գագիկ Ջհանգիրյանը: Բովանդակային առումով էլ նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովին լիազորություն ենք տալիս ակնհայտ հակասահմանադրական նորմերին սահմանադրականության դաշտ բերել ու հիշեց, որ անգամ Դավիթ Հարությունյանը չէր կարողանում նման ակնհայտ հակասահմանադրական օրենքներին «կողմ» քվեարկել, թեեւ մեծամասնության ներկայացուցիչ էր: «Բարեփոխումը չարեփոխման չպետք է վերածենք»,- եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:

«Հարցը արտահերթ է ճանաչվել, կարող ենք այն քննարկման նախատեսել հինգշաբթի օրը: Եթե երկուշաբթի-երեքշաբթի հարցը չքննարկվի, հինգշաբթի օրը ես անձամբ շատ բացասական կխոսեմ նախագծի վերաբերյալ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Արդարադատության նախարարն ասաց, որ առաջիկա հանգստյան օրերը կառավարության համար ոչ աշխատանքային են եւ եթե պատգամավորները դեմ չեն`կարող են միանալ իրենց: «Կառավարությունը մոտիվացիա ունի, թող աշխատի, մեզ ի՞նչ»,- դահլիճում աշխուժություն առաջացնելով:

Փաթեթը մեծ օրակարգում ընդունելու «դեմ» քվեարկեցին Գագիկ Ջհանգիրյանը, Արծվիկ Մինասյանը եւ Էդմոն Մարուքյանը: ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «ձեռնպահ» քվեարկեց: ՀՀԿ-ականների չորս «կողմ» ձայներով ընդգրկվեց հերթական քառօրյայի օրակարգ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031