Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը միայն գումարը չէ, որ ուսանողությունը չի գնում թատրոն». ուսխորհրդի նախագահ

Մայիս 16,2014 11:42

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները մայիսի 15-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրեցին ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան Ժան Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդը» (1674 թ.) կատակերգությունը:

«Երևակայական հիվանդը» Մոլիերի վերջին պիեսն է: Նա մահացավ բեմի վրա, երբ խաղում էր այդ ներկայացման մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան և հավելեց, որ Մոլիերի պիեսը ևս մեկ անգամ բեմ բարձրացնելով՝ համալսարանն ու նրա ուսանողությունը հարգանքի տուրք են մատուցում նշանավոր ֆրանսիացուն:

moler-2 moler-3

Պարոն Մոնտուայի խոսքով՝ նախաձեռնությունը համալսարանի ուսանողներինն է եղել: «Երբ ուսանողներն ինձ ասացին Մոլիերի պիեսներից մեկը բեմադրելու իրենց մեծ ցանկության մասին, ես անմիջապես համաձայնեցի և առաջարկեցի «Երևակայական հիվանդը» բեմադրել»,- ասում է ռեկտորը:

Թե ինչու Մոլիեր, պարոն Մոնտուան դա բացատրեց նրա արդիականությամբ. «Մոլիերը ժամանակ չի ճանաչում, միշտ արդիական է: Կարելի է ասել, որ նա տվյալ հասարակության նկարիչն է եղել, որի նկարները միշտ արդիական են,- ասում է Ժ. Ժ. Մոնտուան:- Նա իր ստեղծագործությամբ անդրադարձել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են, օրինակ, թշվառությունը, մարդկային թերությունները և այլն: Պետք է ասել, որ Մոլիերի ստեղծագործությունները մեծ դեր են ունեցել սերունդների դաստիարակման գործում: Ընդհանրապես, ցանկացած ուղերձ փոխանցելու լավագույն գործիքը ծիծաղն է: Այն ժամանակ բոլորը ծիծաղում էին Մոլիերի ներկայացումների վրա՝ առանց մտածելու, որ այդ ամենը նախապատրաստում էր Ֆրանսիական մեծ հեղափոխությանը»:

Համալսարանի ուսխորհրդի նախագահ Աննա Կյուրկչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սա ուսանողական կյանքը ակտիվ պահելու մի տարբերակ է. «Ուսխորհրդի նախագահ լինելով՝ ես ինքս շատ թատրոններից եմ առաջարկներ ստանում (հաճախ անվճար) ուղղակի գնալ և ներկայացումը դիտել,- ասում է Ա. Կյուրկչյանը:- Այսինքն՝ խնդիրը միայն գումարը չէ, որ ուսանողությունը չի գնում թատրոն: Պարզապես, ակտիվ չէ: Եվ մեր նախաձեռնության նպատակը ուսանողությանը թատրոնի հետ կապելն է, ինչպես նաև ֆրանս-հայկական մշակույթների փոխշփումը: Լինելով Ֆրանսիայի մի մասնիկն այստեղ՝ Հայաստանում, կամա թե ակամա շփվում ենք Ֆրանսիայի հետ, ինչ-որ բաներ ենք քաղում և ինչ-որ բաներ փոխանցում»:

Նա տեղեկացրեց, որ ներկայացումը կբեմադրվի նաև այսօր, դարձյալ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Մուտքն ազատ է, իսկ ներկայացումը ֆրանսերենով է:
Նշենք, որ ներկայացման մեջ մասնագիտությամբ դերասաններ չեն ներգրավվել, Ֆրանսիական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներն են՝ հիմնականում առաջին և երկրորդ կուրսերից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031