Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի երիտասարդները քարոզում են հետևել օրենքին ու չծխել

Մայիս 16,2014 10:55

Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում ապրիլ-հունիս ամիսներին անցկացվում է «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» խորագրով ծրագիրը:

Այն իրականացնում է «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում» անվանակարգում:
Կոտայքի մարզի քաղաքներում արդեն իրականացվել են սեմինարներ, որոնց մասնակից 30-40 երիտասարդները ծանոթացել են պասիվ ծխելու վնասներին:

Ծրագրի հաջորդ փուլում ծրագրի մասնակիցները կշրջեն երթուղայիններով, կարձանագրեն երթուղայիններում ծխելու դեպքեր ու այդ մասին կտեղեկացնեն համապատասխան քաղաքապետարաններին: Երիտասարդները մարզի 5 քաղաքների երթուղային տրանսպորտային միջոցների վարորդներին կտեղեկացնեն գործող օրենսդրությանը` բաժանելով բուկլետներ, տրանսպորտային միջոցներում փակցնելով կպչող թերթիկներ՝ ՉԾԽԵԼ պիտակով և թեժ գծի հեռախոսահամարով: Կպատրաստվի նաև գովազդային ռադիոհոլովակ, որը մեկ ամիս շարունակ եթեր կհեռարձակվի չորս ռադիոկայանների եթերում:

Ծրագրի համակարգող Անահիտ Թովմասյանը կարևորեց և բարձր գնահատեց նման ծրագրերի իրականացումն ու արդյունավետությունը՝ նշելով. «Քաղաքապետարանների և երիտասարդների կողմից մեծ հետաքրքրություն կար ոչ միայն ծխելուն առնչվող խնդիրներում, այլև տրանսպորտային միջոցների և վարորդների հիգիենայի հետ կապված հարցերում: Այդ է պատճառը, որ մենք համագործակցում ենք նաև լիազոր մարմինների` տրանսպորտի վարչությունների, ճանապարհային ոստիկանության հետ»:

Անահիտ Թովմասյանը շեշտեց նաև ծրագրի իրականացման անհրաժեշտության մեկ այլ կարևոր հանգամանք. «Ծրագրի նպատակն է հասարակական դիտորդական խմբերի և համապատասխան լիազոր մարմինների համագործակցության շնորհիվ բարձրացնել հակածխախոտային օրենսդրության կիրարկման արդյունավետությունը հանրային տրանսպորտի ոլորտում: Այդ պատճառով քաղաքներում ստեղծվելու են հասարակական դիտորդական խմբեր, որոնք հնարավորություն կտան համապատասխան լիազոր խմբից ստանալ տեղեկատվություն կոնկրետ իրավախախտման մասին»:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաև «Հինգ օր՝ ճանապարհային ոստիկանության հետ ակցիա» պարետային վերահսկողություն, որի ընթացքում վարորդները և ուղևորները հասարակական դիտորդների կողմից կզգուշացվեն համապատասխան օրենսդրության մասին, նաև կիրականացվեն տեսանկարահանում-հարցազրույցներ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031