«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության կառավարման խորհրդի անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
-Պարոն Փաշինյան, հետաքրքիր է Ձեր տեսակետը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Այն ժամանակահատվածը, որ ընտրված է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ներմուծելու համար, ինչքանո՞վ է հարմար: Դատելով այդ ամենին երկրորդ նախագահի արձագանքից՝ ի՞նչ տպավորություն եք ստանում:
-Երբ ինձ առաջադրված հարցերում ասում են երկրորդ նախագահ, երրորդ նախագահ՝ ես հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը երկրորդ և երրորդ նախագահներ չի ունեցել:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին՝ Սահմանադրությունն ինքը գործիք է, և որպեսզի որևէ մոդելի շուրջ քննարկում կայանա, պետք է նախ ձևակերպել, թե մենք ինչ խնդիր ենք ուզում լուծել այդ գործիքի միջոցով:
Տեսեք՝ մեր հարևան Թուրքիան անցում է կատարում նախագահական կառավարման մոդելին՝ այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման տարիներին զարգացել է այն աստիճան, որ համախառն ներքին արդյունքով աշխարհում զբաղեցրել է 16, 17-րդ հորիզոնականը:Հիմա համարում են, որ պետք է անցում կատարեն նախագահական կառավարման համակարգին:Հարևան Վրաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին, այսինքն՝ այստեղ չկան բանաձևեր՝ խորհրդարանական, թե նախագահական համակարգ, չկա բանաձև, որ մեկ գումարած մեկ հավասար է երկուսի: Սա մոտավորապես նույնն է, թե հարցնեն՝ ի՞նչ հագուստ եք սիրում՝ կոստյո՞ւմ, թե՞ սպորտային հագուստ.դա կախված է նրանից, թե ես ուր պետք է գնամ՝ եթե պետք է գնամ հարսանիք, բնականաբար՝ նախընտրելի է կոստյումը, եթե մարզվելու, ապա նախընտրելի է սպորտային հագուստը: Նկատի ունեմ՝ սահմանադրական փոփոխությունների հարցում կողմնորոշվելու իմաստով շատ կարևոր է ճշտել, թե մենք ուր ենք գնում, ինչ խնդիր ենք լուծում: Սահմանադրությունը գործիք է: Մենք պետք է որոշենք, թե ինչ խնդիր ենք այդ գործիքով լուծելու:
Կարդացեք նաև
Քանի որ Հայաստանի քաղաքական կյանքը ժամանակ առ ժամանակ մահվան եզրին է հայտնվում, Սերժ Սարգսյանը, նրա իշխանությունը քաղաքական կյանքը կենդանացնելու, ինչ-որ գործընթացներ հարուցելու և դրանց շուքի տակ էլի ժամանակ ծավալելու գործողություններ են անում:
-Իսկ Ռոբերտ Քոչարյանի արձագանքի մասին ի՞նչ կասեք:Տպավորություն է ստեղծվում, թե նա գործընթացներ է արագացնում և նպատակ ունի մինչև հերթական ընտրությունները վերադառնալ մեծ քաղաքականություն:Նման միտում տեսնո՞ւմ եք, և ի՞նչ կարելի է անել դա կանխելու համար:
-Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան կանխի: Ընդհակառակը՝ պետք է թույլ տալ, որ գործընթացները զարգանան բնականոն ճանապարհով, և դա, կարծում եմ, կնպաստի, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտնվեն այնտեղ, որտեղ և պետք է հայտնվեն: Ոչինչ պետք չէ կանխել, գործընթացները պետք է զարգանան, և ես համոզված եմ, որ դրա արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհայտնվեն այնտեղ, որտեղ արժանի են:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում