Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուորլիքի նախաձեռնությունը ԼՂ հիմնախնդրի արժանապատիվ կարգավորման վերջին հնարավորությունն է

Մայիս 16,2014 15:09

Հարցազրույց արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ.  ՀՀ անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ:

 

– ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթից անմիջապես հետո Դուք հանդես եկաք առաջին գնահատականներով` դրական որակելով թե ելույթի փաստն ինքնին, թե փաստաթղթի բովանդակային մասը: Հայաստանից ու Ադրբեջանից արձագանքների պակաս չզգացվեց, ադեկվա՞տ էին դրանք:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» ելույթով մայիսի 7-ին ներկայացվել է ԱՄՆ պաշտոնական տեսակետը, իսկ մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես եկան հայտարարությամբ եւ ճշգրիտ կրկնեցին համանախագահող երկրների նախագահների Լ՚Աքվիլայի հայտարարության դրույթները: Դեսպան Ուորլիքի ներկայացրած հավասարակշռված սկզբունքները որոշ նոր՝ մեզ համար ձեռնտու տարրեր են պարունակում եւ ամբողջովին համապատասխանում են ՀՀ-ի կողմից պաշտոնապես հայտարարված ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին՝ պետք է միջազգայնորեն ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվի ԼՂ բնակչության եւ սահմանների անվտանգությունը, ԼՂ-ն պետք է ունենա ընդհանուր սահման Հայաստանի հետ:

Հայաստանը պետք է նպաստի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացմանը եւ հայտարարի, որ պատրաստ է Ուորլիքի սկզբունքների հիման վրա սկսել մեծ համաձայնագրի, «ճանապարհային քարտեզի» վրա աշխատանքները:
Այսպիսի քաղաքականության որդեգրումն ու հետեւողական իրականացումը Հայաստանի եւ ԼՂ-ի համար նորից ռուսական կայսրության կազմում հայտնվելուց խուսափելու թերեւս վերջին հնարավորությունն է: Այլընտրանքը կլինի արդեն իսկ հայտարարված պուտին-դուգինյան ռուսական ծրագիրը, ըստ որի` Մոսկվան դառնում է ԼՂ հիմնախնդրի միակ կարգավորող` չեզոքացվում է ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը, եւ Հայաստանի փոխարեն ՌԴ-ն է բանակցում Ադրբեջանի հետ:

ՌԴ-ն Ադրբեջանին արդեն ներկայացրել է իր այդ առաջարկները՝ հրաժարվել Արեւմուտքի հետ քաղաքական, էներգետիկ սերտ համագործակցությունից, վերադառնալ ռուսական քաղաքական եւ տնտեսական վերահսկողության տարածք, համաձայնվել ռուսական ռազմական ներկայությանն Ադրբեջանում (սա ՌԴ-ի թիվ 1 նպատակն է), եւ դրա դիմաց Մոսկվան պատրաստ է Բաքվին հանձնել ԼՂ-ն ու ԼՂ-ի շուրջ բոլոր տարածքները:
Կրեմլի այս պլանները Պուտինի նեոկայսերական քաղաքականության շրջանակներում են ԼՂ հակամարտությունում առաջացրել են նոր իրավիճակ եւ լուրջ սպառնալիք հակամարտության բոլոր կողմերի՝ ԼՂ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի շահերի դեմ: Չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն դա գիտակցում է, եւ գուցե դրանով էր պայմանավորված ԱԳ նախարար Մամեդյարովի արձագանքը, որով նա ոչ միայն շեշտեց, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել դեսպան Ուորլիքի նշած սկզբունքների հիման վրա, այլեւ պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանը համաձայն է միջազգային խաղաղապահ գործողություններին, ինչին մշտապես դեմ է եղել Իլհամ Ալիեւի իշխանությունը: Ադրբեջանն, ըստ էության, ընդունելով Ուորլիքի առաջարկները՝ փոխեց մինչ այս ունեցած իր դիրքորոշումը՝ վերականգնել Status quo ante bellum (մինչ պատերազմը գոյություն ունեցող իրավիճակ), որով Բաքուն համարում էր, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին վերադարձնի այն, ինչ կորցրել է Ադրբեջանը իր իսկ նախաձեռնած պատերազմում:

– Հնարավոր միջազգային խաղաղապահ գործողության մասին ի՞նչ կասեք:

– Միջազգային խաղաղապահ գործողության իրականացմանը չպետք է մասնակցեն ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, ո՛չ հարեւան պետությունները, կամ պարզ ասած՝ պիտի բացառվեն Թուրքիան եւ Ռուսաստանը: Խաղաղապահ գործողությունում պետք է բացառվի նաեւ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի` որպես կազմակերպությունների մասնակցությունը: Չորս հիմնական հարցեր կան, որոնք բավական բարդ համաձայնեցման փուլ դեռ պետք է անցնեն համանախագահող երկրների միջեւ` ո՞ր երկրները պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն, ի՞նչ լիազորություններով, մանդատով է իրականացվելու խաղաղապահ առաքելությունը, ո՞ր երկիրն է ստանձնելու հրամանատարությունը, եւ երկրների զորքերն ինչպե՞ս են տեղաբաշխվելու: Ներկայիս ՌԴ-Արեւմուտք գերլարվածության պայմաններում շատ բարդ է այս խնդիրների շուրջ համաձայնության հասնել, բայց ոչ անհնարին, եթե հակամարտության կողմերի համար գերակայողը սեփական պետականության ու ժողովրդի շահերն են ու արժանապատիվ խաղաղությունը:

– Ո՞րն է ավելի ձեռնտու մեզ՝ Ուորլիքի նախաձեռնությո՞ւնը, թե՞ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը:

– Ուորլիքի նախաձեռնությունը եւ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը ունեն նույն տրամաբանությունը, նույն հիմքերն ու մոտեցումները: Բայց անհնար է փորձագիտական մակարդակով համեմատել լրիվ տարբեր իմաստ ունեցող՝ սկզբունքներ/տարրեր եւ համաձայնագիր, ինչպես նաեւ տարբեր նպատակների ուղղված փաստաթղթեր՝ «կարգավորման ուղիներ» եւ «զինված հակամարտության դադարեցում»: 1997-ին եռանախագահները հակամարտության 3 կողմերին ներկայացրել էին ոչ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներ, այլ ամբողջական փաստաթուղթ՝ «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր» ամբողջական համաձայնագրի տեքստի հետ, որը զինված հակամարտության դադարեցում էր նախատեսում, այլ ոչ թե կարգավորում: Ուորլիքի նախաձեռնության եւ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակի վերաբերյալ մասնագիտական համեմատություն հնարավոր կլինի կատարել, երբ Ուորլիքի նախաձեռնության հիման վրա ստեղծվի համաձայնագիր, այսինքն` «ճանապարհային քարտեզ», որտեղ արդեն պետք է լինեն շատ կոնկրետ ձեւակերպումներ, ժամանակացույց: Դա լուրջ, բարդ ու շատ պատասխանատու բանակցություններ են, մանրակրկիտ ձեւակերպումներ, քանի որ «սատանան մանրուքների մեջ է»:

– Բայց Ուորլիքին քննադատողները նշում են, որ «Status quo-ն պետք է պահպանվի», եւ «ոչ մի թիզ հող չպետք է զիջենք»…

– Հատկանշական է, որ Status quo պաշտպանողները, որոնք հարձակվել են Ուորլիքի նախաձեռնության վրա, որեւէ արձագանք չտվեցին, երբ նույն բանն ասում էր ՌԴ-ն, մասնավորապես` ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, երբ անցյալ տարի մայիսին նշեց, որ «Status quo-ն անընդունելի է բոլորի համար», որ Status quo-ի պահպանումը նշանակում է ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի չլուծված լինելը: Ընդդեմ Ուորլիքի ներկայացրած նախաձեռնության հակափաստարկ է բերվում, թե չի կարելի փոխել ստատուս քվոն՝ այն դեպքում, երբ ՌԴ-ն հայտարարել է, որ բացառապես ինքը կարող է փոխել ստատուս քվոն, երբ դա իրեն ձեռնտու լինի:

Պարզաբանեմ՝ Status quo-ն ոչ միայն շփման գիծն է, այլեւ տվյալ պահի ամբողջական փաստացի իրավիճակը՝ իր բազմաթիվ բաղադրիչներով, որոնք անընդհատ փոխվել եւ փոխվում են: Նշեմ մի քանիսը, որոնք, կարծում եմ, որոշիչ են: Առաջինը` ռազմական հավասարակշռությունը, որ վաղուց սկսել է խախտվել հօգուտ Ադրբեջանի` հիմնականում հենց ՌԴ-ի ջանքերով, եւ այդ գործընթացը ոչ միայն շարունակվելու է, այլեւ ընդլայնվելու է, քանի որ Ադրբեջանը ՌԴ-ի համար հանդիսանում է սպառազինությունների մատակարարման թիվ մեկ գործընկերը: Հաջորդը տնտեսական գործոնն է. որեւէ կերպ չի կարելի համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական վիճակը հիմա եւ 15 տարի առաջ, այն անընդհատ փոփոխվում է` հօգուտ Ադրբեջանի: Երրորդը` աշխարհաքաղաքական բալանսը տարածաշրջանում էապես փոխվել է ի վնաս մեզ՝ հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, երբ պաշտոնական Երեւանը մեկ օրում եվրոպական ինտեգրացիայից շրջադարձ կատարեց դեպի ՌԴ-ի Մաքսային միություն եւ Հայաստանի արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերը փաստացի հանձնեց Կրեմլին: Մինչդեռ որքան էլ ցավալի լինի նշելը՝ Ադրբեջանը բավական ինքնուրույն եւ բազմակողմանի արտաքին քաղաքականություն է վարում: Արտագաղթի տեմպերով Հայաստանը նույնպես անցնում է Ադրբեջանին, որտեղ բնակչության թիվը, ի տարբերություն Հայաստանի, աճում է: Էներգետիկ անվտանգության հարցում` Հայաստանի էներգետիկ ողջ համակարգը տնօրինում է ՌԴ-ն, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն իր էներգետիկ անվտանգությունն է ապահովել, այլեւ բազմաթիվ երկրների էներգետիկ ոլորտները կախված են Ադրբեջանից: Հաջորդ գործոնը` միջազգային ասպարեզում Հայաստանի ազդեցությունն էապես նվազել է` հատկապես սեպտեմբերի 3-ից հետո: Իսկ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում, որ մեծացնի իր ազդեցությունը, եւ շոշափելի արդյունքների է հասել: Մենք միջազգային հանրության համար Պուտինի նեոկայսերական քաղաքականության մաս ենք: Այնպես որ՝ Status quo-ն փոխվում է անընդհատ եւ՝ ոչ հօգուտ մեզ, եւ ավելի ճիշտ կլինի, որ հայտարարեն, թե չեն ցանկանում որեւէ կարգավորում ընդհանրապես, այլ ոչ թե անվերջ կրկնեն` «Status quo-ն պետք է պահպանվի», ինչը ձեռնտու է Մոսկվային եւ Հայաստանի ՀՀԿ-ԲՀԿ իշխանական քրեաօլիգարխիկ համակարգին: «Status quo-ն պետք է պահպանվի» պատրվակով Ռոբերտ Քոչարյանը 1998թ. պետական հեղաշրջմամբ զավթեց իշխանությունը եւ մերժեց ԵԱՀԿ ՄԽ-ի «փուլ առ փուլ» առաջարկը, որպեսզի միաձուլի օլիգարխիան եւ իշխանությունը, կողոպտի ժողովրդին, եւ ինքն էլ դառնա մի քանի միլիարդ դոլարի ունեցվածքի տեր:
Իսկ «ոչ մի թիզ հող»-ի կողմնակիցների ճնշող մեծամասնությունն այն ուժերն ու անձինք են, որոնց համար Մոսկվայի ներկայիս քաղաքականությունը, քրեական օլիգարխիայի եւ սեփական շահերը գերակայում են Հայաստանի ու ԼՂ-ի շահերին: 1998թ. հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթած ուժերը ԼՂ կարգավորման գործընթացում Քոչարյանի ու Օսկանյանի գլխավորությամբ առնվազն երեք ծանր հարված են հասցրել հայկական շահերին: Առաջինը` ԼՂ-ն, որը միջազգայնորեն ընդունված բանակցային եւ կարգավորման կողմ էր, հեռացվեց բանակցությունների սեղանից: Երկրորդը պետական հանցագործություն էր. Հայաստանը, ինչպես նաեւ ԼՂ-ն, պաշտոնապես համաձայնեցին համանախագահների առաջարկած` «ընդհանուր պետություն» առաջարկին, որով թե ԼՂ-ն, թե բոլոր «գրավյալ տարածքները» անցնում էին Ադրբեջանի վերահսկողությանը, եւ ԼՂ-ն Ադրբեջանի հետ կազմում էր մեկ ընդհանուր պետություն: Երրորդը` Քոչարյանն ու Օսկանյանը նախաձեռնեցին տարածքների փոխանակման տարբերակ` ի հաշիվ Հայաստանի տարածքների: «Ոչ մի թիզ հող»-ի այդ կողմնակիցները ոչ միայն որեւէ բողոք չեն հայտնել այն ժամանակ, այլեւ պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանի վերոնշյալ հանցավոր նախաձեռնությունները: Պետք է հստակ գիտակցել, որ ընտրությունը ոչ թե տարածքներ հանձնելու եւ Status quo պահպանելու միջեւ է, այլ արժանապատիվ խաղաղության, Հայաստանի պետականության ու ինքնիշխանության պահպանման, Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ անկախության ապահովման եւ մյուս կողմից` քրեաօլիգարխիկ կոռուպցիոն համակարգի հավերժացման, Հայաստանը ռուսական կայսրության մաս դարձնելու, Կրեմլի համար Բաքվի հետ առեւտրում ԼՂ-ն առարկա դարձնելու միջեւ է:

– Ասվում է նաեւ, որ մեր ռազմական հաղթանակը պիտի վերածենք դիվանագիտական հաղթանակի…

– Ի տարբերություն ռազմականի՝ դիվանագիտական հաղթանակը միակողմանի չի կարող լինել, դիվանագիտական հաղթանակում պարտվողներ չեն լինում: Ես կողմնակից եմ ռազմական հաջողությունը արժանապատիվ խաղաղության վերածելու, քանի դեռ չեն սպառվել խաղաղ կարգավորման ռեսուրսներն ընդհանրապես:

– Ադրբեջանում լուրջ հետապնդումներ են սկսվել, «հայերի օգտին լրտեսության» մեղադրանքների ֆոնին մեծ արշավ է սկսվել մի շարք ադրբեջանցի հայտնի դեմքերի նկատմամբ, հալածանքները տարվում են իշխանությունների կողմից, որին միացել են ադրբեջանական մամուլը, քաղաքական ու հասարակական գործիչներ, անգամ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն է լծվել Ադրբեջանին «դավաճանած» ու «հայերի օգտին աշխատելու» մեղադրանքներ հնչեցնելու գործին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրադարձությունները:

– Ադրբեջանական որոշ քաղաքական գործիչերի, փորձագետների ու լրագրողների հայտարարությունները, որ քաղաքական այս հետապնդումները իրականացվում են Մոսկվայի նախաձեռնությամբ, համապատասխանում են իրականությանը: Դա իրականացնելու համար ՌԴ հատուկ ծառայությունները բազմաթիվ եւ ազդեցիկ լծակներ ունեն Ադրբեջանի իշխանության ամենաբարձր օղակներում, շատ ավելի, քան կարելի է պատկերացնել: Հենց այս համատեքստում է պետք դիտարկել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությունները Հայաստանի հասարակական կազմակերպությունների դեմ: Թե՛ ՌԴ-ի, թե՛ Ադրբեջանի շահերից չի բխում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շփումները, երկու երկրների ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների համատեղ գործունեությունը, ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ արդեն կատարված եւ ապագայում հնարավոր հայ եւ ադրբեջանցի փորձագետների համատեղ հայտարարությունները: Ինչ վերաբերում է կոնկրետ Մութալիբովին, ապա նա պատվեր է կատարում, եւ Մութալիբովի մոտ, կարծես, ամնեզիայի երեւույթներ են նկատվում: Վստահ լինելով, որ Մութալիբովը կկարդա այս տողերը եւ ճիշտ հետեւություններ կանի` նրան խորհուրդ եմ տալիս խորը շունչ քաշել եւ հանգստանալ, այլապես ստիպված կլինեմ որոշ հիշարժան դրվագներով թարմացնել նրա հիշողությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարգար says:

    Չեղավ ոչ մի կերպ, պ-ն Շահնազարյան! Պետք է բոլորովին տկարամիտ լինել հավատալու համար որեւէ մեկի խոսքին (կամ թղթին) թե ինչ-որ անժամկետ ապագայում ադրբեջանը Ղարաբաղի անկախություն կճանաչի, ու հետ քաշել զինուժը այդ կոպեկ չարժեցող խոստման դիմաց: Այս քայքայվող միջազգային հարաբերություններում դա շատ ավելի ցավալի պարտության կբերի, քան ամեն ինչի կամավոր հանձնումը (գոնե կոտորած չի լինի!)
    Խիստ անտրամաբանական է այն կարծիքը, որ Ռուսը լրիվ կհանձնի ամեն ինչը ադրբջին – իր զինվորական ներկայության դիմաց, քանի որ դրանից հետո նախ կկորցնի Հայաստանը, հետո էլ ավելի հեշտ՝ ադրբեջանն ու լրիվ անդրկովկասը: (Քանի որ այլեւս ազդակ չի մնա իր ձեռքը:) Հայերը պիտի գործեն համարձակ՝ օգտվելով Ռուսների եւ Իրանի ռեալ շահերից՝ ընդեմ ազերի: Իսկ ամերիկոսների հետ չարժե մեծ հույսեր կապել՝ նրանց համար մենք միայն ժամանակավոր գործիք ենք: (Կարծում եմ խնամի Լ-նը այդ այդ հարցով ավելի իրատես է!)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031