Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքային կենտրոններում զուգարաններն ու թեքահարթակները հաշմանդամ մարդկանց հարմար չեն

Մայիս 16,2014 14:45

Մեր երկիրը վերջին մի քանի տարում սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մոդելը ներդնելու նպատակով հսկայական գումարներ է ծախսում: Այս կենտրոնների ստեղծման նպատակը սոցծառայությունները մարդուն մոտեցնելն է, որպեսզի քաղաքացին նպաստի, թոշակի կամ իրեն առնչվող որեւէ սոցիալական խնդիր ունենալու դեպքում ոչ թե ընկնի նախարարությունից նախարարություն կամ այս գրասենյակից այն գրասենյակ, այլ իրեն հուզող հարցերի պատասխանները ստանա մեկ կետից: Հայաստանի տարբեր համայնքներում արդեն գործում են 19 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Միջազգային փորձագետ Ջերրի Ֆիցպատրիկն արդեն մի քանի ամիս է՝ ուսումնասիրում է այդ կենտրոնների գործունեությունը, որի դիտարկումները տեղ են գտել զեկույցի տեսքով: Իռլանդիայի սոցիալական պաշտպանության ոլորտում 27 տարվա փորձ ունեցող մասնագետը մեկ առ մեկ նշել է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ուժեղ եւ թույլ կողմերը, կառավարման կենտրոնների հետ կապված խնդիրներն ու բացթողումները:
Միջազգային փորձագետը գտնում է, որ կենտրոններում մատչելիությանն առնչվող մի շարք խնդիրներ կան՝ եթե սոցիալական կենտրոնում թեքահարթակի հարցը անգամ լուծված է, ապա զուգարանները հարմարեցված չեն հաշմանդամների համար: Ըստ նրա՝ սոցիալական ծառայությունների կենտրոններում տեսողական եւ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարությունները բացակայում են. ցուցանակները կամ աջակցման համակարգերը, փորձագետի կարծիքով, նույնպես պետք է ուշադրության կենտրոնում լինեն:

Փորձագետը նաեւ արձանագրել է, որ սոցիալական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների եւ սոցիալական կենտրոնների միջեւ հաղորդակցումը բացակայում է, ինչն էլ ավելացնում է խնդիրները տարածքներում: Խնդիր է նաեւ, որ առանձին բյուջե նախատեսված չէ տնային այցելությունների համար, մինչդեռ տնային այցելությունները կարեւոր նշանակություն ունեն անձի իրավիճակը գնահատելու գործում, ինչը, մասնագետի համոզմամբ, կարող է լուրջ հետեւանք ունենալ մարդու ինքնագոյատեւման կարողության վրա:

Մի շարք կենտրոններում բացակայում են քաղաքացիների համար նախատեսված տեղեկատվական թերթիկները՝ բուկլետները, որոնք պարունակում են բնակչությանը մատուցվող ծառայությունների, այդ ծառայություններից օգտվելու պայմանների մասին տեղեկատվություն: Ջերրի Ֆիցպատրիկը նկատել է, որ առկա բուկլետները հիմնականում պատրաստված են միջազգային կառույցների կողմից, որոնք այդքան էլ չեն վերաբերել կենսաթոշակներին կամ նպաստների մասին քաղաքացիների իրավունքներին, կամ ծառայությունների տրամադրման պայմաններին:

Փորձագետը փաստում է, որ ոչ բոլոր կենտրոններում է աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համակարգը, մինչդեռ այս համակարգը նախատեսված է բոլոր կենտրոններն իրար կապելու համար, եւ այն պետք է աշխատի բոլոր կենտրոններում:
Փորձագետը նաեւ պարզել է, որ օրինակ՝ Արարատի, Նուբարաշենի, Արմավիրի, Մասիսի, Նորք-Մարաշի, Վեդիի, Բաղրամյանի, Դավիթաշենի եւ Էրեբունի համայնքների սոցիալական ծառայությունների կենտրոնները մի շարք խնդիրներ ունեն լուծելու եւ առավել մեծ աջակցության կարիք՝ նախքան նրանցից առաջընթաց ու բարելավում ակնկալելը:

Ավելի լուրջ խնդիրներ ունեցող կենտրոններից պարոն Ֆիցպատրիկն առանձնացրել է Ավանի եւ Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների կենտրոնները: Այդ կենտրոնները ոչ միայն հարմար տեղում չեն տեղաբաշխված, այլեւ հարմարություններն այդ կենտրոններում ընդհանրապես բացակայում են:

Խորհրդատուն արձանագրել է, որ որոշ կենտրոնների ընդունարաններ շատ փոքր են եւ չունեն համապատասխան տարածք՝ միաժամանակ այցելող մեծ թվով քաղաքացիների արագ սպասարկելու համար:

Ընդունարանում սպասարկման բարձրասեղանները հարմար չեն անվասայլակով շահառուների հետ դեմառդեմ շփվելու համար:

Բացակայում են հաշմանդամ մարդկանց համար հարմարեցված պայմանները. որոշ կենտրոններում գոյություն ունեցող թեքահարթակները չեն համապատասխանում չափանիշներին: Ըստ փորձագետի՝ այդ թեքահարթակները որակյալ չեն, երբեմն էլ նաեւ քաղաքաշինական լուծումների անհնարինության պատճառով, սակայն արդյունքում հարթակները զառիվայր են եւ չեն կարող ծառայել անվասայլակներով տեղաշարժվող կամ ինքնուրույն, բայց դժվարությամբ քայլող մարդկանց:

Փորձագետը մեր մասնագետներին խորհուրդ է տալիս աշխատանքի ճիշտ կազմակերպման, սոցիալական ծառայության համար տարածք ընտրելիս նախապես հաշվի առնել քաղաքացիների սպասարկման եւ աշխատանքի ճիշտ կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանները, որոնք հետագայում շտկելն անհամեմատ բարդ է: Ըստ նրա՝ նախընտրելի է, որ կենտրոններն ունենան արխիվային, պահեստային տարածքներ, հանդիպումների համար նախատեսված սրահ կամ դահլիճ:

Ջերրի Ֆիցպատրիկը տրանսպորտային միջոցների եւ գրասենյակի տեխնիկական սպասարկման միջոցների բացակայությունը ամենատարածված խնդիրն է համարում այս ոլորտում եւ նշում, որ այս հանգամանքը բացասաբար է ազդում կենտրոնների աշխատանքի կազմակերպման վրա. «Ծառայությունները պատշաճ մատուցելու համար, ընտանիքի կամ անհատի իրավիճակը գնահատելու գործում տուն այցերը համարվում են անհրաժեշտ գործիք, երբ հարցը հատկապես սոցիալական աջակցությանը կամ ընտանեկան նպաստներին է վերաբերում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031