Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հետ եմ նայում՝ ահագին գործ եմ արել»

Մայիս 16,2014 14:20

Կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը՝ իր, կինոերաժշտության եւ Փարաջանովի հետ շփումների մասին

Ճանաչված կոմպոզիտոր, նաեւ ավելի քան 70 ֆիլմերի համար գրած իր երաժշտությամբ եւ երաժշտական ձեւավորումներով (այդ թվում՝ «Մարդն «Օլիմպոսից», «Զինվորն ու փիղը», «Խոշոր շահում», «Անիծվածները», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը») հայտնի Յուրի Հարությունյանի համար տարին հոբելյանական է: Արվեստագետը 70 տարեկան է: Մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական երեկոն:

Յուրի Հարությունյանն ասում է, որ այլ մոտեցում է ցուցաբերել հոբելյանական երեկոյին, չի ցանկացել այն ծանրացնել բարդ սիմֆոնիկ ստեղծագործություններով, մանավանդ՝ հրավիրվածները մտերիմ մարդիկ են: «Ընտրված են այնպիսի ստեղծագործություններ, որ մի փոքր ներկայացնեն կոմպոզիտորական ունակություններս, մտորումներս եւ մի քիչ էլ ֆիլմերից երաժշտական հատվածներ կլինեն, անմիջական շփում, գուցե մի երկու-երեք մտերիմ ստեղծագործողներ դուրս գան ու բեմից խոսք ասեն, այդպիսի երեկո է լինելու: Նաեւ երկու թոռներս են նվագելու՝ սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը եւ շեփորահար Դանիել Մելքոնյանը: Երեկոյին փոքր կազմերից բացի՝ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եւ ջազ-բենդը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ»,- նշեց կոմպոզիտորը:

Հարցին, թե ինչ զգացողություններ է ունենում ստեղծագործական ժառանգության բարձունքից նայելով, կոմպոզիտորն այսպես պատասխանեց. «Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ ահագին գործ եմ արել, բայց սպասելիքներ դեռ ունեմ: Եթե Աստված հաջողություն տա, այս տարի կարող է եւս մեկ գեղարվեստական ֆիլմ ծնվել, Ալբերտ Մկրտչյանը պատրաստում է սցենարը, եթե նկարելու գումար գտնվեց, կմտնի արտադրություն: Դեկտեմբերից սկսած՝ զբաղված եմ երեկոյովս, չէի պատկերացնում, որ այդքան ծանր կլինի: Ախր չունենք պրոդյուսերական դպրոց, որ դիմես ու իրենք զբաղվեն ամեն ինչով»:

Քանի որ Յուրի Հարությունյանը տարբեր ռեժիսորների հետ է աշխատել, խնդրեցինք բնորոշել նրանց: Առանց անուններ հնչեցնելու՝ կոմպոզիտորը կինոռեժիսորներին բաժանեց երկու խմբի. «Հիմնականում երկու մասի են բաժանվում կինոռեժիսորները երաժշտության հանդեպ իրենց մոտեցումով: Առաջին խմբում հեղինակային կինոյին ձգտող, փիլիսոփայական մտորումներով ռեժիսորներն են, երկրորդում՝ մարդկային ապրումների կինո ստեղծողները: Առաջինը չի պահանջում երաժշտական կտավներ, որոնք կարող են դուրս մնալ ֆիլմից եւ ապրել հետագայում, մանրակրկիտ հնչյունաերաժշտական աշխատանք է կատարվում այդ տեսակ ռեժիսորների հետ՝ երբեմն ուղեկցվելով վիճաբանություններով: Ի տարբերություն նրանց, ապրումներին մեծ դեր հատկացնող ռեժիսորները ֆիլմի համար պահանջում են մեղեդային երաժշտություն, որը ֆիլմից դուրս էլ կարող է «գոյատեւել»: Իմ երեկոյին հենց նման ֆիլմերի երաժշտություններից հատվածներ կհնչեն»:

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնի» երաժշտական ձեւավորումը Յուրի Հարությունյանինն է: Վարպետի հետ սիրված կոմպոզիտորը մոտիկից է շփվել: Խնդրեցինք՝ Փարաջանովի հետ կապված որեւէ հետաքրքիր դրվագ պատմել: «Ֆիլմի հետ կապված շատ էի գնում Կիեւ ու հետ գալիս: Հիշում եմ՝ իր տանը միշտ մինչեւ առավոտյան չորս-հինգը լիքը մարդ էր լինում, շեղված նացիոնալիստ պոետներ, նկարիչներ… Ուտում-խմում էին, երգում, բանավիճում: Փարաջանովը ուտել առանձնապես չէր սիրում, ինչ ստացվում էր, դրան էլ «ենթարկվում» էր: Օրինակ, կարող է մի երեք նուռ դներ սեղանին, Վրաստանից բերած մի մեծ տարրայով գինի: Մի օր պահարանը բացեցի, տեսա՝ մեջը լիքը գիրք, մի մասը՝ ռուսերեն, մյուսները՝ հայերեն, մեր «Սասնա Ծռերն» էլ կար: Ասացի՝ Սերգեյ Իոսիֆովիչ, այս գրքերը ե՞րբ ես հասցնում կարդալ, երբ համարյա ժամանակ չունես, ե՞րբ ես սցենար գրում, երբ մինչեւ լույս տանդ հյուրեր կան: Չպատասխանեց հարցիս, ասաց՝ քո ինչ գործն է»,- պատմեց պարոն Հարությունյանը: Մի դրվագ էլ հիշեց կոմպոզիտորը: Նրա ձեւակերպմամբ, Փարաջանովը սիրում էր իր կարծիքը մի ֆրազով արտահայտել ինչ-որ մեկի մասին: «Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի պրեմիերան համընկավ Փարաջանովի՝ Կիեւում լինելու հետ: Ինքը մինչեւ այդ էլ նայել էր այդ ֆիլմը: Դժգոհում էր՝ Что за кино, просто г..но: Իսկ ֆիլմի այն կադրի մասին, որտեղ սպիտակ կարապն ընկած է սպիտակ ձյան վրա, Փարաջանովն ասում էր, թե կարող է մի ամբողջ գեղարվեստական ֆիլմ ստեղծել: Պրեմիերայից մի քանի օր անց նա որոշեց Տարկովսկուն ընդունել իր տանը: Կերամիկայից պատրաստված գինու տակառի մեջ, որը ծորակ ուներ, վրացական կարմիր գինի լցրեց, դրեց հատակին: Դրա տակ փռեց 18-րդ դարի բելգիական ժանյակե թաշկինակ, վրան էլ վենետիկյան ապակուց բաժակ: Ինձ ու «Նռան գույնի» հնչյունային օպերատոր Յուրի Սայադյանին «հրահանգեց»՝ Անդրեյ Տարկովսկու դռան զանգը հնչեցնելուն պես, գինու տակառի ծորակը բացել ու թաքնվել: Այդպես էլ արեցինք: Զանգը հնչեց, տակառիկի ծորակը բացեցինք ու թաքնվեցինք: Տարկովսկին ներս մտավ, տեսավ կարմիր գինին թափվում է սպիտակ անձեռոցիկի վրա: Զարմացած բացականչեց՝ Это же бельгийские кружева, Сергей Иосифович: Ի պատասխան՝ Փարաջանովն էլ նրան ասաց՝ Вот так гениальный режиссер Параджанов встречает гениального режиссера Андрея Тарковского: Այսինքն՝ տարօրինակություններով, բայց հանճարեղ մարդ էր Փարաջանովը»:
Մեր դիտարկմանը, որ երբ կոմպոզիտորը ստեղծագործում է ինքնաբուխ, դա լրիվ ուրիշ է, իսկ պատվերի դեպքում՝ մի քիչ այլ, Յուրի Հարությունյանը նշեց, որ մինչ ԽՍՀՄ-ն էլ կոմպոզիտորները պատվերով էին աշխատում. «Լավագույն ունակություններ ցուցաբերող ստեղծագործողին միշտ մի կոմս կամ դուքս հովանավորում էր, պատվեր էր: Սովետը կոտրեց այդ վիճակը, արդեն պետությունն էր պատվիրում, օրինակ՝ Լենինի մասին ստեղծագործություն գրել: Կոմպոզիտորն ուզած-չուզած, իր մուսայի հետ խոսելով՝ ստեղծագործում էր: Ինչ վերաբերում է պատվերով գրված ստեղծագործությանը, ստեղծագործող կրթված մարդիկ պատվիրված երաժշտությունն ու անձնական ստեղծագործությունը տարբերում են: Ես հենց կինոյից ու թատրոնից ազատ ժամանակ եմ ունեցել, երաժշտություն եմ գրել իմ ապրումով»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031