Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կին նկարիչներին ազատություն են տվել ու էլ ոչինչ»

Մայիս 16,2014 14:10

Արվեստագետները՝ իրենց ստեղծագործական հոգսերի մասին

«Առավոտի» զրուցակից կին նկարիչները դեմ են, որ իրենց «նկարչուհիներ» են ներկայացնում ու համոզված են, որ արվեստում, առավել եւս՝ նկարչության ոլորտում, արվեստագետներին սեռերի բաժանելը «մանկամտություն» է:

Հայաստանում եւ արտերկրում անհատական եւ խմբային ցուցահանդեսներով բազմիցս ներկայացած նկարիչները՝ Կարինե Գալստյանը, Աննա Ադյանը, Դոնարա Մխիկյանը, Լիլիթ Ասլանյանն ու Նարգիզ Փաշայանը մայիսի 17-ին՝ Թանգարանային գիշերը, բազմաժանր ու բազմաոճ շուրջ 30 աշխատանքների ցուցադրությամբ կներկայանան Երեւանի պատմության թանգարանում: Սա արվեստագետների միացյալ առաջին ցուցահանդեսը չէ, սակայն որոշել են այլեւս ներկայանալ «Հայացք եւ վրձին» անվամբ:

Մեզ հետ զրույցում կին նկարիչներն ասացին, որ իրենք հիմնականում ցուցադրությունները կազմակերպում են ըստ տոնացույցի, պատճառաբանելով, թե հովանավորներ չունեն, ցուցասրահներն էլ մատչելի չեն: Նրանք այդուհանդերձ հուսով են, որ գուցե երբեւէ «մեկը» հայտնվի ու իրենց ամենապարզ հարցերն ուղղի՝ ներկ, կտավ, վրձին ունե՞ք կամ՝ վաճառվող ի՞նչ նկար ունեք: Հարցին, թե ո՞ւմ են պատկերացնում «մեկի» դերում, նկարիչներն ասացին, որ առաջին հերթին, իհարկե, պետությանը, ժպտալով էլ հավելեցին, որ ամենից սպասելին գործարար մարդիկ են: Նշեցին նաեւ, որ կայանալիք ցուցադրությանը աջակցել է Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Հետաքրքրությանը, թե աշխատանքների ցուցադրությունների առիթով ինչո՞ւ չեն դիմում Նկարիչների միությանը կամ համագործակցում երեւանյան ցուցասրահների հետ, պատասխանեցին, թե միությունն իր հոգսերը հազիվ է հոգում, ինչ վերաբերում է ցուցասրահներին՝ դրանց վրա հույս դնել չես կարող, քանի որ մեզանում շուկա չկա, հետեւաբար՝ գնորդ էլ չկա:

Մեր զրուցակիցներից կարծես ամենահամարձակը՝ Նարգիզ Փաշայանը հայտնեց. «Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ժամանակին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ կայացավ իմ անհատական ցուցահանդեսը, եւ նա, որ հայտնի է գեղանկարչության նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ, գնել է մեկ աշխատանք»: Հետաքրքրությանը, թե առիթն օգտագործելով՝ ԱԺ նախկին նախագահին չի՞ դիմել նկարիչների կենսաթոշակներին վերաբերող հարցով (հիշեցնենք, որ «Առավոտին» ժամանակին դիմել էին մեր վաստակաշատ նկարիչներ Էլիբեկյանը, Գրիգորյանը, Թոքմաջյանը եւ այլք, դժգոհելով, թե աշխատանքային ստաժ չունենալու պատճառով ստանում են նվազագույն կենսաթոշակ եւ ԱԺ-ն պարտավոր է վերանայել օրենքը), տիկին Փաշայանն ու վրձնակիցները պատասխանեցին, թե իրենք արվեստագետ են ու մտադրություն չունեն օրենսդիրներին հիշեցնելու իրենց պարտականությունները, առավել եւս՝ թելադրելու որեւէ բան: Կին նկարիչների խոսքերով՝ Հայաստանն աշխարհում այն եզակի պետություններից է, որտեղ մեծաթիվ պրոֆեսիոնալ կին նկարիչներ կան, որոնց պետք է պարզապես ուշադրության կենտրոնում պահել: Հումորով էլ շարունակեցին, ասելով՝ «ազատություն են տվել ու էլ ոչինչ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031