«Իրաքում եզդիներին սպանում են ազգային, կրոնական պատկանելության համար»,- այսօր Իրաքում բնակվող եզդիների նկատմամբ կատարվող բռնությունները կանգնեցնելու պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց եզդի Ռուսլան Ադոյանը:Նրա խոսքով, եզդիների նկատմամբ անարդարությունները վերսկսվել են այս տարի ու մեծ թափով:
Ըստ նրա, Իրաքի պաշտոնական տվյալների համաձայն, 2003 թվականից հետո Իրաքից 150.000 եզդի հալածանքների պատճառով փախչել է.«Նման ազգային խտրականություն եզդիների նկատմամբ աշխարհի ոչ մի երկրում չկա: Մեզ մտահոգում է միջազգային կառույցների անտարբերությունը: Նման անտարբերություն ցուցաբերեցին նաեւ 2007-ին, երբ Իրաքում սպանվեց 1000-ից ավելի եզդի, իսկ 150.000-ը վիրավորվեցին, եւ մեծ վնաս կրեց եզդիական համայնքը»:
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ նկատեց, որ գոնե հայերին լավ ծանոթ են տեղահանությունները հայրենիքից.«Հերթական անգամ մի ստոր, մութ ուժ իրեն իրավունք է վերապահում որոշել, թե արդյոք եզդի ժողովուրդն իրավունք ո՞ւնի պահպանել ազգային, կրոնական եսը, թե՝ ոչ, իրավունք ունի՞ ապրել իր բնօրրանում, թե՝ ոչ: Ցեղասպանություն ստոր երեւույթը պետք է վերջապես կանխվի ու դուրս գա մեր բառապաշարից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ