Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Հարուստ մարդկանց երեխաները հայկական բանակում սկսել են չծառայել (Տեսանյութ)

Մայիս 15,2014 21:04

«Պաշտպանությունն ու կրթությունը համադրելի են: Ես չգիտեմ՝ ինչ է եղել ժամանակին, ԿԳ նախարարները պաշտպանության նախարարների հետ լեզու գտել են, թե` ոչ. ես այսօր հպարտ եմ, որ մենք լեզու գտել ենք: Որովհետեւ Հին Հռոմը, որ կործանվեց իր փիլիսոփայական եւ այլ հաստատություններով, այն նվաճեցին, կներեք, կիսագրագետ գոթերը` Օստ եւ Վեստ: Երբ Բյուզանդիան կործանվեց` էլի շատ զարգացած… կործանեցին թուրքերը»,- այսօր խորհրդարանում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կրքերը բորբոքվեցին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկումների ժամանակ: Նախարարը պատգամավորներին հիշեցրեց, որ պետությունները չեն կործանվում նրա համար, որ կիսագրագետ են, այլ նրա, որ կենսունակ չեն արեւի տակ իրենց տեղն ապահովել:

Գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին: Առաջարկվող փոփոխություններով, ենթադրվում է միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին կառավարության սահմանած կարգով տարկետում տրամադրել, որը ենթադրում է ՀՀ կառավարության համապատասխան անհատական որոշումների ընդունում: Դրանք իրավական առումով կունենան ավելի բարձր իրավաբանական ուժ, քան տեղեկանքները: Պայմանագիր կնքելով՝ տարկետում տրամադրելը երաշխիք կապահովի ուսանողներին ՀՀ վերադառնալու, հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու եւ ձեռք բերված գիտելիքները ՀՀ-ում ներդնելու համար:

Նկատենք, որ նմանօրինակ նախագծերը մշտապես բուռն բանավեճերի առիթ են տվել, ինչի մասին իր ելույթում հիշեց նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Պատգամավորները մտավախություն են ունենում, որ դրսում ուսանող երիտասարդները Հայաստան չեն վերադառնա: Արամ Մանուկյանը նույնիսկ օրինակներ բերեց Ադրբեջանից, որը սեփական բյուջեից միլիարդներ է ծախսում իր երիտասարդներին դրսում կրթելու եւ նրանց գոնե 50 տոկոսին իր երկիր վերադարձնելու համար:

Հարցի վերաբերյալ, զարմանալիորեն, բավական ընդդիմադիր ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նկատելով, որ իր համոզմամբ, քննարկվող օրինագիծը դեռևս 90-ական թթ-ից սկսած տրամաբանության մեջ չէ, և այն չի նպաստելու զորակոչի արդյունավետության բարձրացմանը։ Նա նկատեց, որ դեռ 90-ականներից` ազգային զինուժի ձևավորմանը զուգահեռ, բանավեճը`տարկետման իրավունք տա՞լ, թե չտալ, և ինչ չափով տալ, միշտ եղել է. «Բոլորը պետք է խոստովանեն, որ գործող օրենսդրությունը ժամանակի մեջ տվել է իրավունք տարբեր մարդկանց, ովքեր սովորել են տարբեր բուհերում»։ Իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարուստ մարդկանց երեխաները հայկական բանակում սկսել են չծառայել. «Օգտագործելով այս առիթը՝ արձանագրենք մենք մեզ համար, որ ունենք եղած խնդիրների այլընտրանքային լուծման եղանակներ, զորակոչի արդյունավետության բարձրացման համար, չգիտեմ բժշկական հանձնաժողովների ստուգումից սկսած՝ վերջացրած իմ մատնանշած փաստը, որ հարուստ մարդկանց երեխաները հայկական բանակում սկսել են չծառայել։ Սրա մասին պետք է խոսել հրապարակայնորեն, այդ ձևով լուծենք, ընդունելության քննությունները լուծենք, բարձրացնենք, կատարելագործենք, բայց չզրկենք մարդկանց դրսում սովորելու հնարավորությունից»:

Պատգամավորի համոզմամբ, նոր կարգն արդյունավետ չի գործելու, քանի որ այն, իր կարծիքով, իրականում, վատացնելու է արական սեռի ներկայացուցիչների համար տրվող տարկետման հնարավորությունները, որոնք մասնակցում են մրցույթներին ու մեկնում ուսանելու. «Արդյունքում ստացվելու է, հազար ներողություն, այնպես, ինչպես միշտ մեզ մոտ ստացվում է, նույն այդ մարդիկ էլի մեկնելու են՝ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, բայց այլևս բարդացված ընթացակարգերով։ Բոլորս հասկանում ենք՝ ինչի մասին է խոսքը»։

Օրինակ բերելով սեփական փորձը՝ Սամվել Ֆարմանյանը թվարկեց այն մեխանիզմները, որոնցից օգտվելով՝ ՀՀ քաղաքացին կարող է արտերկրում կրթություն ստանալ։ Տարբերակներից մեկից օգտվել էր նաև պատգամավորը, երբ առանց կառավարության իմացության՝ ինքնուրույն դիմում են արտերկրի որևէ բուհ, ստանում կրթաթոշակ ու մեկնում սովորելու։ «Եկեք ինքներս մեզ չխաբենք, եթե 17, 18, 23 տարեկան արական սեռի մասին է խոսքը, ինքն ուզում է բանակից խուսափել և արտագաղթել ՀՀ-ից, ի՞նչ տարբերություն՝ իր էներգիան ու ժամանակը ծախսելու է նրա վրա, որ միջգերատեսչական հանձնաժողովի քննությունների՞ն է մասնակցել, հաղթել, գնացել է՝ ստանալով չնչին կրթաթոշակ, թե՞ ինքնուրույն է անում»,-եզրափակեց նա` արժանանալով հաջորդ ելույթ ունեցող, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դրվատանքին։

Իշխանական-ընդդիմադիր պատգամավորական այս եզակի համերաշխությանը նախարար Արմեն Աշոտյանը հակադարձեց. «Քննադատեք` տեղին խոսենք, ժողովուրդ ջան: Մի հատ թաքուն մրցույթ չի եղել ԿԳՆ-ում վերջին հինգ տարվա մեջ: Մամուլում մի հատ բողոք տեսե՞լ եք` 200 մարդ ա ընդունվում: Ծանոթ չեք, արած գործը չեք գնահատում հերիք չի, մի հատ էլ էստեղից վարկաբեկում եք: Ի՞նչ ընթացակարգ եք փոխում, որին ծանոթ չե՞ք»:
Հակադարձումների այլ մանրամասները` տեսանյութում.

Տեսանյութը` Ա1+-ի
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Սամվել Ֆարմանյանն ինքը եւ Արմեն Աշոտյանը ինքը բանակում չեն ծառայել…… Հարուստի տղա են??? թե այլ բան կա?????

  2. Դարո says:

    Ապրես ընկեր , ես էլ նույնը պտի գրեի, բա էդ երկուսը որ չեն ծառայել, ոնց է լինելու?, իսկը ժամանակն է որպես չծառայած հարուստներ ուղարկել դրանց razmaճակատ, հըլը պատեհապաշտներին նայեք հանրապետական , սրանք որ հանկարծ նախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ հաստատ ժողովուրդը սրանց վերջը կտա, և հետո էդ որ էդ ֆարմանյանը դրսերում սովորել է, իրան որտեղից էդքան փող?ում է կեղեքել?

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031