«Խանգարում է այն, որ չնայած Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում է աշխատում, սակայն ինքը ՀՀ նախագահը չէ»-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչը կաշկանդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պատասխանել ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ինչու էր ՀՀ-ն այն բացառիկ երկրներից մեկը, որը Ղրիմի հարցում պաշտպանեց Ռուսաստանին, այսպես պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիացի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Ղրիմի հարցում ՀՀ-ն պաշտպանեց ՌԴ-ին, խուսափողական պատասխան էր տվել` նկարագրելով, թե ինչու ՀՀ-ն որոշեց անդամակցել Մաքսային միությանը:
Նիկոլ Փաշինյանը, շարունակելով թվարկել, թե ուրիշ ինչ հանգամանքներ են կաշկանդում Սերժ Սարգսյանին, նշեց. «Ինքը իշխանությունը բռնազավթած անձ է ու իշխանությունը բռնազավթած անձը չի կարող հանդես գալ ու խոսել և ունենալ նախագահի կեցվածք»:
Մեր հարցին՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ Սերժ Սարգսյանը հասնի մինչև Բաղրամյան 26, ի վերջո ընդդիմադիր դաշտում գործում էր նաև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պարոն Փաշինյանն արձագանքեց. «2008 թվականին տեղի ունեցավ պետական հեղաշրջում բանակի ներգրավմամբ, և այսօրվա քաղաքական ուժերի, այդ թվում խորհրդարանական ուժերի մեծ մասը մասնակցել է այդ հեղաշրջմանը: Հետագայում ընդդիմությունն ուներ որոշ հատվածներում ռեալ շանսեր թույլ չտալու դա, տեղի ունեցածը հետ շրջելու կամ կարգավորելու համար: Այո, ընդդիմությունը նույնպես սխալներ է թույլ տվել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիկոլ, 2008 -ի համար համաձայն եմ, բայց վերջին ընտրություններին Ս Սարգսյանը շատ էլ իրական հաղթեց: