Այսօր, օրվա վերջում, խորհրդարանը քննարկեց նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում ասաց, որ օրենքներում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է փախստականի կարգավիճակ ունեցող եւ ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների բուհեր ընդունելության եւ ուսումնառության կազմակերպման խնդիրների կարգավորման հետ: Հաշվի առնելով բժշկական կրթության ոլորտում կատարվող բարեփոխումները, ինչպես նաեւ` բժշկական կրթության առանձնահատկությունները եւ բժշկական կրթության բնագավառում միջազգային փորձը, կառավարությունն առաջարկում է բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի:
Միաժամանակ, նախատեսվում է, որ շնորհված կրթական աստիճանը կհավասարեցվի մագիստրոսի կրթական աստիճանին: Օրենքում հստակեցվել է նաեւ կլինիկական օրդինատոր կրթական ծրագրով ուսուցման ժամկետը. որակավորման ուսուցման տեւողությունը սահմանվի առնվազն մեկ տարի:
Կապված ընդունելության քննությունների ժամկետների փոփոխության հետ, հստակեցվել է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների հրամանագրման ժամկետը` ուսանողներին հնարավորություն տալով օգտվել ուսման վարձի զեղչման եւ վարկավորման ծրագրերից:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ հստակեցվում է նաեւ սիրիահայ ուսանողների ուսման վարձի չափը, որը չի գերազանցելու տեղացի ուսանողների ուսման վարձը: Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ