Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը վիճարկում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության կայացրած որոշումները

Մայիս 15,2014 17:37

ՀՔԱՎ գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը պնդում է, որ ԴԱՀԿ աշխատակիցը, առանց կոնկրետ գործողություն կատարելու, իր սենյակում նստած, որոշում է կայացրել եւ կազմակերպությունից պահանջել 5000-ական դրամներ յուրաքանչյուր որոշման համար` այն համարելով գործողություն:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Մ. Նալբանդյանի` կազմակերպության դեմ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումները:

Համաձայն այդ որոշումների` ՀՀ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս, կազմակերպությունից 5000-ական դրամների բռնագանձման մասին որոշումներ է կայացրել:

Arayik Zalyan

Կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է, որ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումներով պահանջվող գումարները անհիմն են և այդ մասով կայացված որոշումները պետք է անվավեր ճանաչվեն, քանի որ ԴԱՀԿ աշխատակիցը, առանց Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածում նշված գործողությունները կատարելու, իր սենյակում նստած, որոշում կայացնելով այն գնահատել է որպես գործողություն, կազմակերպությունից պահանջել 5000-ական դրամներ յուրաքանչյուր որոշման համար:

«Պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման և իրացման համար եւ այլ կոնկրետ գործողություններ ԴԱՀԿ-ի կողմից չեն կատարվել, ԴԱՀԿ աշխատակիցը, իր սենյակում նստած, որոշում է կայացրել: Կատարողական ծախսեր պահանջելու համար հարկադիր կատարողի կողմից պարտադիր պետք է իրականացված լինեն հստակ գործողություններ, որոնք նշված են Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածում: Ինչ վերաբերում է հարկադիր կատարողի կողմից որոշում կայացնելու համար որպես կատարողական գործողություններ դիտարկելը և 5.000 ՀՀ դրամ գործողության կատարման ծախս հաշվարկելը, չի կարող մեկնաբանվել որպես գործողություններ վկայակոչված իրավական նորմի լույսի ներքո»,-ասում է Արայիկ Զալյանը:

Նա տեղեկացնում է, որ 2013 թ. մարտի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Մ. Նալբանդյանը իր` կատարողական վարույթ հարուցելու մասին որոշմամբ որոշել է կազմակերպությունից բռնագանձել հօգուտ ՀՀ պետական բյուջեի 16.000 դրամ, պետական տուրքի գումար, ինչպես նաև 5000 դրամ, որպես կատարողական ծախս:

Նույն թվականին Մ. Նալբանդյանի կողմից կայացվել է նաև մեկ այլ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում, ըստ որի` որոշել է կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 դրամ, պետական տուրքի գումար, ինչպես նաև 5000 դրամ, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:

2013թ. ապրիլի 9-ին կազմակերպության կողմից ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային վարչության նշած հաշվեհամարին կատարվել է 16.000 ՀՀ դրամ վճարում:
Նույն օրը կազմակերպության կողմից ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային վարչության նույն հաշվեհամարին կատարվել է արդեն 10.000 ՀՀ դրամի վճարում:
Կազմակերպությունը, սակայն, հրաժարվել է վճարել 5000-ական դրամները եւ դիմել է դատարան:

«Խնդիրը ոչ թե 5000 դրամն է, այլ այն, որ մենք մեր քաղաքացիներից ունենք բազմաթիվ ահազանգեր, դիմումներ, բողոքներ` ԴԱՀԿ ծառայությանը 5000 դրամ որպես գործողություն վճարելու համար: Այստեղ իրավական խնդիր կա, որ վերջնականապես դատական պրակտիկայի միջոցով ԴԱՀԿ մասին օրենքի 66-րդ հոդվածի հետ կապված մեկնաբանություն տրվի, որովհետեւ որոշում կայացնելը համարում են գործողություն, այն դեպքում, երբ տվյալ հոդվածը սահմանում է կոնկրետ գործողություններ»,-եզրափակում է ՀՔԱՎ-ի իրավաբանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031