Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով բողոքի քննությունը սկսված է

Մայիս 15,2014 17:32

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Չիչոյանի նախագահությամբ, դատավորներ Ե.Դարբինյանի եւ Գ.Ավետիսյանի մասնակցությամբ այսօր սկսվեց Հարություն Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը դատարան չէր ներկայացել՝ վատառողջ լինելու պատճառով: Այդ մասին հայտնեց նրա ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը:

vardanik2 vardanik

Ինչպես Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այնպես էլ վերաքննիչ դատարանում մեղադրանքի կողմը ներկայացնում էր գլխավոր դատախազության դատախազ Արմեն Մարուքյանը:

Մինչ նիստը սկսվելը, դատական նիստերի այլ դահլիճում նիստն անելու միջնորդությամբ հանդես եկավ Լուսինե Սահակյանը: Մարզից ամբաստանյալի հարազատներն էին եկել, եւ այդքանով, դահլիճում կային կանգնած անձինք:

Նախագահողն ասաց, որ դատարանի հնարավորությունն այդքան է, եւ մեծ դահլիճ լինելու դեպքում հնարավոր համարեց հետագայում նման հարցի կարգավորումը:
Նախագահող Ս.Չիչոյանը հրապարակեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 12-ին կայացրած մեղադրական դատավճիռը, համաձայն որի՝ ամբաստանյալը դատապարտվել է 15 տարվա ժամկետով ազատազրկման:
Ըստ դատավճռի, ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 188 հոդվածի 1-ին մասով: Նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ: Այդ նպատակով 2012թ. փետրվարին Վարդան Ղուկասյանի մոտ գնացած հորը` Սամվել Սարգսյանին, աղջկա հարազատները մերժել են և աշխատասենյակից դուրս արել: 2012թ. մարտի վերջերին Հարություն Սարգսյանը տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ: Խանդի հողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը ծրագրավորել է սպանել Կարեն Եսայանին:

Նա մի քանի օր անընդմեջ հետևել է Կարեն Եսայանին: Իր արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի 32 ՍՍ 542 համարանիշի ավտոմեքենային տեղադրել է առանց մաքսային կետում հաշվառելու ՀՀ տարածք ներկրած L BM 5255 հաշվառման համարանիշը: Իմանալով, որ Կարեն Եսայանը 2012թ. ապրիլի 11-ին իր անձնական «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի ՕL 850 համարանիշի ավտոմեքենան թողել է Գյումրու Շիրակացի 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետում՝ հաջորդ օրը այն վերցնելու պայմանով: Ապրիլի 12-ին, ժամը 7: 59-ին, Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենայով ժամանել է Գյումրու Շիրակացու 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետ, որտեղ սպասել է Կ. Եսայանին: Վերջինը միայնակ եկել է ավտոլվացման կետ, վերցնելով իր ավտոմեքենան, այն վարել է Շիրակացի փողոցով դեպի Ալեք Մանուկյան փողոց:
Հրապարակվեց նաեւ, որ Հարություն Սարգսյանը հետևել է Կարեն Եսայանին, եւ հասնելով Ալ.Մանուկյան փողոցի 21 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմացի հատված, ազդանշանով կանգնեցրել է իր առջևից ընթացող Կ.Եսայանին: Ապա իջնելով՝ նստել է վերջինիս ավտոմեքենան, վարորդի կողքի նստատեղին: Շուրջ մեկ րոպե զրուցելուց հետո Կարեն Եսայանը եւ Հարություն Սարգսյանը նույն ավտոմեքենայով հասել են Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից ամայի տարածք: Հարություն Սարգսյանն իջնելով ավտոմեքենայից՝ իր մոտ պահվող 16 տրամաչափի հրազենից՝ գլխի աջ քունքի հատվածին արձակած մեկ կրակոցով դիտավորյալ կյանքից զրկել՝ սպանել է Կարեն Եսայանին, որից հետո վերադարձել է Ալ. Մանուկյան փողոց, որտեղ կայանված իր ավտոմեքենայով ուղևորվել է տուն:

Այլուրեքություն ստեղծելու նպատակով, Հ. Սարգսյանը փոխել է սպանության պահին հագին եղած հագուստները, ավտոմեքենայի համարանիշները, հատելով ՀՀ սահմանը՝ մեկնել է Վրաստան, որտեղից 3 ժամ հետո վերադարձել է Գյումրի:

Հարություն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես, 2010-2011թթ. ընթացքում տարբեր անձանց անուններով ՀՀ տարածք է ներմուծել 4 .897. 588 ՀՀ դրամ մաքսային արժեքով թվով 3 ավտոմեքենա, դրանք 10.625.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրացրել է տարբեր անձանց, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 768.194 ՀՀ դրամի զգալի վնաս՝ եկամտահարկ 471.904 ՀՀ դրամ եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճար 296. 290 ՀՀ դրամ:

Լուսինե Սահակյանը չհասցրեց իր բողոքը հրապարակել ամբողջությամբ, քանի որ դատարանում մեկ այլ նիստ էր նշանակվել ժ.16-ին:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի վերաքննության կարգով բողոքը քննվի, նաեւ կարճվի գործի վարույթը, քանի որ, ըստ նրա, դատարանը թույլ է տվել մի շարք իրավունքների խախտում:

Նա ասաց, որ դատավճռով չի հիմնավորվում իր պաշտպանյալի մեղքը, որ կան ապացույցներ, որոնք չեն կարող թույլատրելի դիտվել, եւ որ դատավճռի տեքստը տարբերվում է Սարգսյանին առաջադրված մեղադրանքի տեքստից:

Լուսինե Սահակյանը հասցրեց անդրադառնալ մի քանի վկաների հարցաքննությանը, նա ասաց, որ ամբաստանյալի կողմի վկաները չեն հարցաքննվել, եւ ըստ էության այդ իրավունքից ամբաստանյալը զրկվել է:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 5-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031