Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը`Վերոնիկա Խորասանյանի ճակատագրի մասին

Մայիս 15,2014 17:27

«Այս քննարկումը քանի՞ օր է տեւում արդեն, երեք օր է՝ ԱԺ-ում քննարկվում է կուտակայինի նոր փաթեթը, օրենքը կմտնի ուժի մեջ, կլինեն նոր մոտեցումներ, ի՞նչ եք ուզում մեզնից, դուք եք այստեղ ամբողջ օրը, դուք պետք է ասեք: Այսօր օրենքը երկրորդ ընթերցմամբ քվեարկվել է, ուղարկվելու է նախագահի վավերացմանը, ապա մտնելու է ուժի մեջ»,- այսօր խորհրդարանում ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ շարունակվելո՞ւ են, արդյոք, կուտակային պահումները ուսումնական հաստատություններում: Նախարարն ասաց, որ իր ղեկավարած նախարարությունը գլխադասային չէ և իրականացնում է գլխադասային հանձնաժողովի կողմից ներկայացված, կառավարության կողմից հաստատված քաղաքականություն:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՊՃՀ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության մաս կազմող հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանին: Վերջինիս, հիշեցնենք, աշխատանքից հեռացրել էին կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ փոխանցելուց ձեռնպահ մնալու դիմումի պատճառով: «Ուզում եք՝ երեսուն հատ ձու առեք՝ մեկ ա, մեջը մազ չկա: Երեկ ճարտարագիտական համալսարանը մեկնաբանել է հայտարարությունն ու ավելացնելու բան չունեմ. ներբուհական խնդիր է, հետո բուհի հայտարարությունը շատ սպառիչ էր, ու ես ուրախ եմ, որ խմբակցությունները անմիջական կապի մեջ են, պատրաստ են ցանկացած նամակ ընթերցել»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը`հավելելով, որ Վերոնիկան չի ազատվել իր «ըմբոստ» կեցվածքի համար, այլ նրան այլ աշխատանք է առաջարկվել:
Նախարարի խոսքով՝ եթե որևէ մեկը դեմ է կուտակայինին, բայց զուգահեռ ինչ-որ այլ խնդիրներում իրեն փորձում է ոչ ճիշտ դրսևորել, ապա կուտակայինին դեմ լինելն այստեղ կապ չունի. «Եթե մի վարորդ հետիոտնին վրաերթի ենթարկի, բայց մեքենայի վրա փակցված լինի «դեմ եմ» պիտակը, ապա իրեն չի՞ կարելի պատժել. կարելի է, չէ՞»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031