Լրահոս
Օրվա լրահոսը

Հացառատ թաղամասն ուզում է անկախանալ Գավառից (Տեսանյութ)

Մայիս 15,2014 17:20

«Էդ բոլորը վիզ դրած պայքարում են Արցախը ճանաչելու համար, հլը մի հատ թող ճանաչեն Հացառատի ինքնուրույնությունը». Գավառի 12 հազար բնակիչ ունեցող Հացառատ թաղամասի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց գյուղի կարգավիճակը

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչներն ուզում են անկախանալ քաղաքից: Այսօր այս պահանջով հացառատցիները բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ:

4938 4953

Հացառատի բնակիչների պատմելով, խորհրդային տարիներին`1961 թվականին Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղը, առանց գյուղացիների կարծիքը հարցնելու միացրել են նախկինում Կամո, այժմ` Գավառ քաղաքին:

«Իմա՞ստը, ընչի վերցին ու միացրին Կամոյին: Ժողովուրդը մեծ սպասումներ ուներ, Կամո քաղաքը 60-70-ականներին սկսեց արագ զարգանալ,կառուցվեցին 21 խոշոր գործարաններ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, տարբեր բաներ, բայց Հացառատն այդպես էլ մնաց: Մենք պահանջում ենք նախկին կարգավիճակը տալ` գյուղ դարձնել, իսկ եթե գյուղ դառնա ամենամեծը կլինի, 12 հազար բնակիչ ունի: Մեր բյուջեն մեր վճարած հարկերով կկազմի մոտ 200 միլիոն դրամ: Շատ-շատ նորմալ բյուջե է, կարանք լավ ապրել: Առանձնանանք, մենք իմանանք` ինչ անենք»:

Հացառատցիների ներկայացմամբ` հարկերը 100%-ով վճարում են, սակայն չգիտեն թե ինչպես, կամ` ո՞ւր են գնում այդ գումարները: Պարտաճանաչ հարկ վճարող հացառատցիների մանկապարտեզներից մեկն անմխիթար վիճակում է, պատուհանների ապակիների փոխարեն ցելոֆաններ են փակցված:

Հացառատցիները գրեթե բոլոր պետական կառույցներին դիմել են, սակայն արդյունք չի եղել. «Էդ բոլորը վիզ դրած պայքարում են Արցախը ճանաչելու համար, հլը մի հատ թող ճանաչեն Հացառատի ինքնուրույնությունը, որ իրանց էլ մենք հավատանք»:


Ակցիայի մասնակիցները Գավառից անկախանալու համար պատրաստ են մինչեւ վերջ պայքարել. «Ջրմուղ ունենք, որ ժամին ուզենք`կկանգնացնենք, որ կանգնացնենք, տարածաշրջանը ծարավ է մնալու է: Մենք էլ մեր մոնոպոլիան կօգտագործենք, որ մեր ձայնը հասանելի դարձնենք»: Հացառատցիները հորդորում են հանրաքվե անցկացնել, որպեսզի պարզ լինի բնակիչների` ինքնուրույնություն ձեռք բերելու ցանկությունը:

Այսօր մի խումբ հացառատացիների ընդունել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ խոստացել 10 օրվա ընթացքում այցելել Հացառատ եւ ուսումնասիրել խնդիրը:
Aravot.am-ի հարցին` այդքան մեծ ցանկություն ունեն առանձնանալու, արդեն որոշե՞լ են, թե ով կարող է գյուղապետ լինել, հացառատցիները մատնանշելով կառավարության շենքի մոտ հավաքված երիտասարդ հացառատցիներին ասացին` «Հլը մի հատ տեսեք ինչ երիտասարդներ ունենք, սաղ բարձրագույն ավարտ են, ընչի՞ չլինեն գյուղապետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031