Այսօր խորհրդարանում, «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կամ հիմնական զեկուցողը` ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը ծանոթ չէ բերված նախագծին, կամ խառնաշփոթ կա, կամ էլ հայտնի դեպքերից հետո, երբ մամուլը բացահայտեց հարկատուների հաշվին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թանկարժեք գործուղումները, ինքնաթիռներ վարձելը, հապճեպ, արտահերթ նիստով բերվել է օրինագիծը, որպեսզի մամուլն այլևս հնարավորություն չունենա տեղեկանալ նման ծախսերի մասին ու չանդրադառնա այդ թեմաներին: Հիշեցնենք, նախագծով առաջարկվում է գաղտնի դարձնել ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները:
«Կառավարությունը պետք է հետ տանի այս նախագիծը, որպեսզի հստակություն մտցնի ու հասկանանք խոսքը ինչի մասին է: Եթե խոսքն այն մասին է, որ հանրությունը չիմանա, թե ինչ ծախսեր են արվելու նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի կողմից, դա բացարձակապես անընդունելի է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով. «Այդ ի՞նչ «չէպե» է տեղի ունեցել, որը հիմք է հանդիսացել այդ ծառայությունները գաղտնի գրաֆիկով ներկայացնելու օրինագիծ ընդունելու համար, ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել: Կարելի է ասել, որ վերլուծությունները հանգեցրել են նրան, որ այդ ծառայություններն ու ծասերը անցնեն գաղտնի գրաֆիկի տակ, ապա դա հիմնավոր պատասխան չէ»:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը պարզաբանեց, որ գործընթացը ենթադրում է ծախս, հետևաբար, եթե գործընթացը գաղտնի է, ուրեմն այդ ծախսն էլ պետք է գաղտնի լինի. «Այստեղ դրված է պահպանության մակարդակի ավելի բարձր մակարդակ ապահովելու խնդիրը, ոչ թե հանրությունից գաղտնի պահելու հարց: Կատարվել են վերլուծություններ,պետական գնումների ոլորտում խնդիրներ էին առաջացել և պահպանության մակարդակը ավելի բարձրացնելու համար որոշվել է ԱԺ բերել այս օրինագիծը: Կոնկրետ «չէպե»-ներ չեն եղել, հաստատ կարող եմ ասել»,- ասաց Արզուման Հարությունյանը:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Էլինար Վարդանյանը նույնպես հարցրեց, թե ինչու այսքան տարի անց անհրաժեշտություն առաջացավ գաղտնիության տակ պահել որոշ ծախսեր. «Հարկատուն իրավունք չունի՞ իմանա, թե իր տված հարկերի հաշվին ինչ սնունդ կամ ինչպիսի տրանսպորտ կամ ինչպիսի տոմսեր են գնում նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը»: Արզուման Հարությունյանը պատասխանեց, որ «Գնումների մասին օրենքը» ընդունվել է 2010 թ և վերլուծության արդյունքների համաձայն հանգել են այդ եզրակացության: Ինչ վերաբերում է ծախսերի թափանցիկությանը, ապա, նրա խոսքով` բյուջեում առանձին հոդվածով կա տեղեկատվություն ծախսերի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ