«Վարչապետն ուզեց, որ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորվի, ինքն ասաց, որ կարող էր սանկցիաներ կիրառել, օրենքը թույլ է տալիս շարունակել նույն մեխանիզմներով, բայց կոչ արեց հատկապես խոշոր բիզնեսն իր փաստաթղթավորման եւ իր գործունեության թափանցիկության առումով ավելի զգոնության գա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը` ներկայացնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` երեկ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումից մանրամասներ: Ըստ պարոն Մակարյանի, վարչապետը գործարարներին կոչ է արել, որ, եթե ինչ-որ բաներ էլ, մինչ այս թափանցիկ չեն եղել եւ դրա հետեւանքով հարկեր քիչ են վճարել կամ շրջանառությունները քիչ են ցույց տվել, ապա այսուհետեւ այդպես չլինի:
«Վարչապետն ասաց, որ ինքը կողմ է, որ վստահության մթնոլորտ լինի, որ ոչ թե կառավարությունը գնա սանկցիաների ճանապարհով, այլ, ուղղակի, դա թափանցիկ լինի, ասաց, որ ինքը հետեւելու է միշտ, լինելու է բիզնեսի կողքին, թույլ չի տալու բիզնեսին քերթող, հարկերի, պատիժների կամ ավելորդ ստուգումներով ծանրաբեռնեն, բայց միաժամանակ վարչապետն ասաց, որ ինքը լինելու է որպես հանրապետության վարչապետ նախ իր հարազատների եւ մերձավորների համար, որոնք որ նման բիզնեսներ ունեն, որ նրանց նկատմամբ, նույնպես, ամեն ինչ հավասար է լինելու, այսինքն` վարչապետը խոստացավ լինել երաշխիք, որ խաղի կանոնները լինեն բոլորի համար հավասար, բոլորի հանդեպ կունենա նույն մոտեցումները»:
Մեր ճշտող հարցին, թե այսինքն` վարչապետը կոչ է արել ինքնակամ գալ հարկային դաշտ, պարոն Մակարյանն ասաց. «Այո, որովհետեւ միշտ էլ, ինչ-որ բաներ կան, որոնք թափանցիկության առումով լիարժեք չեն, միշտ էլ, ինչ-որ պահեր կան թաքնված, երեւույթներ կան, հատկապես` խոշոր բիզնեսի պարագայում»:
Գործարարների հավաքի ժամանակ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը, վարչապետը նաեւ խոստացել է բարեփոխումներով առաջ շարժվել: Նա վստահեցրել է, որ հաճախակի կհանդիպի մասնավոր հատվածի հետ,որպեսզի ավելի մոտիկից ծանոթանա բիզնեսի խնդիրներին. «Ասաց, որ իմ դռները եւ ժամանակը բաց է ձեզ համար, որ կարող եք դիմել եւ ներկայացնել, թե ինչ խնդիրներ կան եւ համատեղ ուժերով քննարկել այդ բոլոր խնդիրները»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե բազմիցս ականատես ենք լինում նման խոստումներին, բայց
դրանք այդպես էլ իրականություն չեն դառնում, պարոն Մակարյանն ասաց, որ մինչեւ մեր երկրում օրենքը բոլորի համար հավասար չլինի, անհավասար մրցակցությունն ու մենաշնորհները չվերանան, բիզնեսին ստուգելիս էլ, խտրական մոտեցում չցուցաբերեն, գործարար միջավայրում փոփոխություններ չեն լինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ