Կիրակի՝ մայիսի 18-ին, մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունը կհայտնեն Կրեմլի իրականացրած քաղաքականության եւ Հայաստանը Մաքսային միությանը բռնակցելու վերաբերյալ:
Այդ կապակցությամբ կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում հրապարակախոս, լրագրող Գայանե Առուստամյանը հայտարարեց, որ այդ օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներում դեմոկրատական ուժերը կազմակերպելու են հակապուտինական ակցիա եւ իրենք զորակցում են այդ ակցիային: Բողոքի ակցիայի ընթացքում իրենք նաեւ պահանջելու են իշխանություններից Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին ճանաչել persona non grata.
«Մենք չենք կարող հանդուրժել, որ մարդ, ով հակաժողովրդական հայտարարություններ է անում, որը չգիտես՝ ինչո՞ւ իրեն վերապահած ի՞նչ իրավունքով հայտարարում է, որ Հայաստանում հանրային սեկտորը պետք է սահմանափակվի, հանրային խոսքը պետք է սահմանափակվի, պետք է փակվեն հասարակական կազմակերպությունները եւ այդ հայտարարությանը մեր իշխանությունները չեն արձագանքում, ըստ երեւույթին, համաձայն լինելով, որովհետեւ ռուսական ներկայացուցչությունը Հայաստանում շատ ավելի լուրջ իրավունքներ ունի Հայաստանում, քան հենց մեր իշխանությունները»:
Գայանե Առուստամյանի խոսքերով՝ ակցիան հակառուսական չէ եւ դեմ չէ ռուս ժողովրդին եւ մշակույթին, այլ կոնկրետ դեմ է պուտինիզմին, քանի որ համարում է, որ Կրեմլն իր կայսերապետական հավակնություններով արդեն շատ լուրջ վտանգներ է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:
Կարդացեք նաև
Ակցիան սկսվելու է Ազատության հրապարակից, այնուհետեւ նրա մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՌԴ դեսպանատուն, որից հետո նաեւ նախագահի նստավայր, նրանց միանալու է նաեւ ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Aravot.am-ը Գայանե Առուստամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք լինելու է նմանատիպ բողոքի ակցիա ընդդեմ Մաքսային միության, որին տիկին Առուստամյանը պատասխանեց, որ իրենց պայքարը հենց Մաքսային միության դեմ է.
«Մաքսային միության գաղափարը պատկանում է Պուտինին, Պուտինն է այդ գաղափարը տարածել Հայաստանում եւ հենց Պուտինի ձեռքով է կերտվում Մաքսային միությունը, որը շատ ֆորմալ միություն է, եւ որը ունի շատ կոնկրետ նպատակ՝ բռնակցել Հայաստանը Ռուսաստանին եւ Ղարաբաղը թողնել այն կարգավիճակում, որ էլի հնարավոր լինի շահարկել որպես խաղաթուղթ Ամերիկայի հետ տարածաշրջանում շահեր հետապնդող երկրների հետ»:
Մեր հարցին, թե իրենց պահանջը իրականանալու դեպքում՝ ռուսական նոր իշխանության օրոք կփլուզվի Մաքսային միությունը, Գայանե Առուստամյանը պատասխանեց, թե դա կախված է նրանից, թե ո՞վ է գալու իշխանության գլուխ. Եթե գալու է ավանդական կայսերապետական հավակնություններն ունեցող իշխանավորը, բնական է, որ այդ հայեցակարգից դժվար կլինի հրաժարվել, իսկ եթե գան դեմոկրատական ուժեր, որոնց հետ հնարավոր լինի խոսել, բանակցել, քննարկել շատ վտանգներ հնարավոր կլինի կանխել. «Հայաստանում նույնպես պետք է գան համապատասխան ուժեր. Սրիկաներ են Հայաստանում եւ սրիկաներ են Ռուսաստանում, բնական չէ՞, որ այդ սրիկաները պայմանավորված խաղում են պետությունների, ժողովուրդների ճակատագրերի հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ