Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պատգամավորները հիշեցին Տիգրան Սարգսյանի թանկարժեք գործուղումները (Տեսանյութ)

Մայիս 15,2014 15:51

Խորհրդարանում, «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ օրինագծից հասկանալի չի դառնում` ծախսե՞րն են գաղտնի դառնալու, թե՞ գործառույթները: Ըստ պատգամավորի, կարող է գաղտնի լինել, թե նախագահի ու վարչապետի մեքենան որտե՞ղ են նորոգում, նրանց սեղանին դրվող սնունդը որտեղի՞ց են գնում, բայց ինչո՞ւ է թաքցվում ծախսը:

Հիշեցնենք, համաձայն օրենքի, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է տրամադրվում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին: Եվ նշված անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաեւ խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները:

Ստեփան Մարգարյանը եւս օրինակ բերեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թանկարժեք գործուղումների մասին սկանդալային հրապարակումները: Բանախոսն ասաց, եթե գաղտնիությունը վերաբերում է արարողակարգային ծախսերին, ապա գործընթացն է գաղտնի, հետևաբար «ծախսեր» բառը պետք է հանել, ու մտցնել «գործընթաց» բառը ու տարակուսանք հայտնեց. «Կարծում էի, որ նախկին կառավարության հրաժարականից հետո այս նախագիծը դուրս կգա, որովհետև Տիգրան Սարգսյանն էր, որ սիրում էր թանկարժեք գործուղումներ անել, բայց ի՞նչ տեղի ունեցավ երկրում, որ եթե հասարակությունը գիտի, թե որքան է ծախսվում անվտանգության համար, ուրեմն այդ մարդու անվտանգության հարցը վտանգի տա՞կ է դրվում»: Նրա խոսքով` հանրությունը գիտի, թե որքան է ծախսվում երկրի անվտանգության համար, բայց դրանից երկրի անվտանգությունը չի թուլանում, բայց եթե հանկարծ հասարակությունը իմանա, թե նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի սպասարկման վրա որքան է ծախսվում, ուրեմն այդ մարդկանց անվտանգությունը թուլանո՞ւմ է:

ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ոչ ոք չգիտի, թե նախագահի մեքենան որտե՞ղ է նորոգվում, կամ գործուղման ժամանակ վարչապետը ո՞ր հյուրանոցում է կանգ առնում, որովհետև դա կարգավորվում է նորմատիվային ակտերով: Սակայն խորհրդարան բերված օրինագծով առաջարկվում է գաղտնի պահել ծախսվող գումարը: «Թող պահեն գաղտնի, թե որտեղից են առնում այն ջուրը, որը դրվում է տվյալ պաշտոնյայի սեղանին, բայց հանրությունը չիմանա՞, թե որքան է ծախսվել: Ամոթ է, եթե այս օրինագիծը ընդունենք այս տեսքով, թե ինչ է ծախսվում, մարդիկ պետք է իմանան, որովհետև հարկատուների փողերի մասին է խոսքը գնում»,- եզրափակեց Ստեփան Մարգարյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031