Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ավանդույթի համաձայն հերթական հաղթանակից հետո հանգստանալու նպատակով կրկին Երեւանում է:
«Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում նա խոսեց վերջին երկու մենամարտերի մասին: «Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անհամեմատ ավելի ծանր ու կարեւոր էր, որովհետեւ մոտ երկու տարվա ընդմիջումից հետո ես կրկին նվաճեցի աշխարհի չեմպիոնի կոչումը` 12-րդ ռաունդում Շտիգլիցին նոկդաունի ենթարկելով: Այդ հաղթանակը կարեւոր էր նաեւ նրանով, որ մեր նախորդ մարտն ինձ համար լավ չէր ստացվել: Բայց յուրաքանչյուր հաղթանակ իր կարեւորությունն ունի:
Դրանից հետո Նիկոլա Սիեկլոչային, որը ֆիզիկապես ուժեղ մարզիկ է եւ ծանր է հարվածում, հաղթել փորձեցինք հայի հնարամտությամբ եւ խորամանկությամբ` ռինգում հաղթելով ռաունդներով: Եվ հաղթեցինք:
Այդ մենամարտում, եթե նկատել եք, ես ավելի շատ ձախ ձեռքով էի հարվածում: Պատճառն այն է, որ Շտիգլիցի հետ մարտում աջ դաստակս վնասվել էր: Ավելի ճիշտ, ջիլերն էին կոտրվել եւ մի փոքրիկ ոսկոր տեղաշարժվել էր: Բայց մենք արել էինք այնպես, որ մրցակիցը դրա մասին չիմանա: Ես աշխատում էի աջով քիչ հարվածել, որպեսզի այն կարողանամ օգտագործել հաջորդ մենամարտին», – ասաց Աբրահամը եւ ավելացրեց, որ այս տարի եւս երկու մարտ է պլանավորում, որոնցից առաջինը` օգոստոսին: Բայց մրցակցի անունը դեռ հայտնի չէ` դրանով զբաղվում է իր մենեջմենթը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ