Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր հայհոյելու համար է տղես դասատուին խփել» (Տեսանյութ)

Մայիս 15,2014 15:31

Այսօր առավոտյան վարդենիկցիներն, ի պաշտպանություն կալանավորված 3 անչափահաս տղաների, բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր  առավոտյան կառավարության շենքի դիմաց Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին անում` պահանջելով գյուղի անչափահաս եւ օրերս ձերբակալված 3 տղաների նկատմամբ դատական համակարգի կողմից արդար մոտեցում:

 

 

Կառավարության նիստից հետո տղաների ծնողների հետ հանդիպեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Հանդիպումից հետո Aravot.am-ի հետ զրույցում երեխաներից մեկի հայրը՝ Շահինյան Վանիկն ասաց, որ խնդիրը ներկայացրել է, իսկ թե ինչպե՞ս այն կլուծվի, դեռ չի կարող ասել: Արդարադատության նախարարն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթացավ խնդրին եւ այն մանրամասնորեն կուսումնասիրեն, իսկ այս պահին ուրևէ գնահատական չի կարող տալ:

Վարդենիկի ավագ դպրոցի սան, 17 ամյա Մեսրոպ Գրիգորյանն իր ու իր ծնողի հասցեին ուսուցչի` Սեւակ Բադալյանի կողմից հնչեցրած հայհոյանքին ընդամենը բուռն է արձագանքել, ինչի պատճառով քաշքշոց է սկսվել միմյանց միջեւ: Aravot.am-ի հետ զրույցում Մեսրոպի մայրը` Գրետա Գրիգորյանը պատմեց, որ տղան իր ցածր նստարանին նստած է եղել` ոտքերը մի փոքր առաջ պարզած, քանի որ, ինչպես մայրն ասաց` այդ իշաոտնուկին այլ կերպ հնարավոր էլ չէր նստելը. ուսուցիչը մոտեցել է եւ ոտքով հարվածելով Մեսրոպին հորդորել կարգին նստել. «Տղաս էլ ասել է` ընկեր Բադալյան, բայց խի՞ ես խփում, մենակ ե՞ս եմ տենց նստած, դրանից հետո դասատուն մեր ա քրֆել, ասել է այ բ..ի տղա: Տղաս էլ սկսել է թասիբը պահել, քաշքշել են իրար, հետո ընկերները` Աբրահամն ու Արկադին են մոտեցել, որպեսզի բաժանեն իրանց: Կռվել են, ուսուցիչն իմ էրեխուն ծեծել է բառի բուն իմաստով, հետո, որ հայհոյել է, ու տղաս նկատել է, որ Բադալյանը հերթական անգամ պիտի խփեր, իմ էրեխեն խփել է նրա քթին, ու արյուն է էկել: էդ ուսուցիչը մեծ քիթ ուներ, էդ պատճառ էր, որ գնաց պլաստիկ վիրահատություն անի, քիթը փոքրացնի: Բայց թղթեր է ներկայացրել, իբր թե տղես նենց ա խփել, որ քիթը ջարդել ա, բայց ընդամենը արյուն ա եկել»:

Օրերս էլ 3 դասընկերներին` Արկադի Պողոսյանին, Աբրահամ Շահինյանին եւ Մեսրոպ Գրիգորյանին ձերբակալել են: Տիկին Գրետան վստահեցրեց` «Մեր անչափահաս էրեխեքին անհիմն պատճառներով կալանավորել են, եկել ենք տեսնենք էս երկրում օրենք կա՞ թե` չէ: 9 ամիս է մենք չգիտեմ ինչերի միջով ենք անցել»:

vardenikciner_2 vardenikciner_1

Մեր այն հարցին, թե արդյոք նախաքննության փուլում միջադեպին ներկա դասընկերները հարցաքննվել են եւ դատաբժշկական փորձաքննություն արվե՞լ է, տիկին Գրետան ասաց.« Էրեխեքն ամեն ինչ ասել են, բայց ցուցմունքները գրել են այնպես, ինչպես իրենց է ձեռ տալիս, իրենք թելադրել են, թե ինչ պիտի գրեն էրեխեքը: Ծեծված էրեխուն էնքան ուշ են ուղարկել փորձաքննության, որ կապտուկներն անցած են եղել, իսկ դատարանն էլ մերժել է նորից դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մեր միջնորդությունը»:
Խմբակային խուլիգանություն հոդվածով է անչափահասների նկատմամբ հարուցված քրեական գործը, սակայն, համագյուղացիները պնդեցին`«Այդտեղ ոչ խուլիգանություն կա, ոչ էլ` խմբակային: Արժանապատվության հարց է եղել, էրեխեքն էլ ինքնապաշտպանվել են: Բադալյանը դպրոցի տնօրենի եղբայրն է, տնօրենն էլ մեզ ասել է` ում ուզում եք բողոքեք, ամբողջ խորհրդարանն իմ ընկերն է»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031