«Որոշ դատավորներ ստիպված են եղել խեղել ճակատագրեր, խաբել մարդկանց, հաստատել կառավարության իրավունքը` պետության կարիքները հոգալու նպատակով մարդկանց տներից դուրս վռնդել, պետբյուջեից վճարել Եվրադատարանի որոշումների դեպքում դատարանի կողմից սխալ, մեղմ ասած` հանցավոր որոշումների համար,- ասում է «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանը և հավելում,- դատական համակարգի ներկայացուցիչները չեն ուզում անկախ լինել, նրանք ուզում են ենթարկվել վերնախավի կամքին, իսկ սա ստեղծում է ռեալ սոցիալական նիհիլիզմ, որին Հայաստանի բնակչության 90 տոկոսը մատնված է»: «Նախախորհրդարանի» անդամներից Ալեք Ենիգոմշյանն էլ ավելացնում է` Հայաստանում գործող օրենքները կարելի է բաժանել երկու մասի` օրենքներ, որոնք ձևականության բնույթ են կրում և օրենքներ, որոնք անարդարության սկզբունքի հիման վրա են հիմնված:
Ըստ բանախոսների` արտագաղթն այսօր այդքան մեծածավալ չէր լինի, եթե մարդիկ հույս ունենային օրենքի հավասարության: Նրանք նաև այն կարծիքին են, որ մեր երկրի կառավարման և հասարակական բոլոր ոլորտները գտնվում են խորը ճգնաժամի մեջ, սպառնում, ինչպես իրենք են ասում, մեր «գաղութացված» երկրի գոյությանն ու պետականությանը, ինչին նպաստում է նաև գործադիր մարմնի անօրինական գործունեությունը:
Նրանք նաև հավելում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իրենք ստեղծել են այլընտրանքային Արդարության ատյանը, որն իր էությամբ նման է Մաշտոցի պուրակի շուրջ առաջացած աղմուկի ժամանակ ստեղծված Քաղաքացիական դատարանին, որը հակաօրինական համարեց Մաշտոցի պուրակում կրպակներ կառուցելու թույլտվության քաղաքապետարանի որոշումը:
Ըստ Հրանուշ Խառատյանի` իրենց ատյան կարող են դիմել ներկայումս դատական և նախնական քննության մեջ գտնվողները: Իրենց իրավաբանները կմասնակցեն ընթացքին և զուգահեռ քննություն կանցկացնեն և կփորձեն կանխել հակաօրինական որոշումների ընդունումը: Լրագրողներից մեկի հարցին, արդյոք այդ մարդկանց գործերն իրենց հասու են պատկան մարմիններից, պատասխանում է . «Մեր հնարավորությունները սուղ են: Մենք գիտակցում ենք, որ մեր իրավունքները թե ՛ օրենսդրական նորմերով են սահմանափակվում և թե ՛լրացուցիչ սահմանափակումներ կլինեն, որովհետև մարդիկ «թաքցնելիքներ» ունեն:
Բանախոսները տեղեկացնում են` Արդարության ատյանը բաղկացած է 12 ատենակալներից, այսօր արդեն ընտրված են 7 անդամները, որոնց լիազորված է որոշումների ի կատար ածումը: Ատյանն արդեն սկսել է իր գործունեությունը, քննում է «Հարսնաքարի» դեպքը:
Կարդացեք նաև
«Եթե քաղաքացիների որևէ խումբ կցանկանա իրականացնել մեր ատյանի որոշումները, մենք նրանց լիովին իրավունքներ կվերապահենք դա իրագործելու »,-հավելում է Ալեք Ենիգոմշյանը: Նա նաև ներկայացնում է ատյանի գործառույթները. վարչախմբի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած, այդ թվում` ժողովրդի իշխանության յուրացմանը, պետության ինքնիշխանության նվազարկմանը, դատաիրավական մարմինների վարչախմբի կամքի անխափան գործադրման և նրա վերարտադրության ապահովման մեխանիզմի վերածմանը հանգեցրած իրավախախտումների հայտնաբերում և բացահայտում, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողություն և նրանց գործողությունների պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականների կազմում և հրապարակում, իրավախախտումների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների կազմում և հրապարակում և այլն:
«Մենք ուզում ենք վերականգնել արդարությունը: Արդարության դատարանը օգնում է երկրներին ոչ միշտ պատշաճ կիրառվելիք օրենքները հասցնել արդարության մակարդակի: Արդարությունը կվերականգնվի մեր ատյանի միջոցով, իսկ արդարադատությունը` դատարանի»,- շեշտում է Հրանուշ Խառատյանը:
Նազենի Բաղդասարյան