Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիան պահպանվում է պետության կողմից» (Տեսանյութ)

Մայիս 15,2014 13:53

ԱԺ նիստում այսօր քննարկվում էր «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ` «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է տրամադրվում ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին: Եվ նշված անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաեւ խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները: Առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն` նախատեսելով, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներառվելու են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում : Հարցի հիմնական զեկուցողը ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն էր:

Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մտաբերեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Նախկին վարչապետը ինքնաթիռներով մեկնում էր այլ երկրներ՝ հարկատուների հաշվին եւ այդ ծախսերը չէր երեւում: Այդ ծախսերը չպետք է գաղտնի լինեն: Ծախսեր են անում, գաղտնի գրիֆի տակ, սա անընդունելի է, սա պետք է հանրությանը հայտնի լինի»:

Տիգրան Սարգսյանի կատարած ծախսերի մասին հիշեցին նաեւ պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Լեւոն Զուրաբյանը: Վերջինս նկատեց, որ շատ ժողովրդավար երկրների նախարարներ կամ վարչապետեր հրաժարական են տվել հենց անհիմն ծախսերի բացահայտման արդյունքում: Նա ասաց, որ քննարկվող նախագիծը նպատակ ունի քողարկել ծախսերը հարկատուներից` ՀՀ քաղաքացիներից,գաղտնիության շղարշի տակ չարաշահումներ եւ կոռուպցիոն գործարքներ են լինում` «Կոռուպցիան պահպանվում է պետության կողմից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութերը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031