Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնչիտան ու Հայաստանը. միասեռականների հարցը՝ քաղաքական օրակարգից շեղելու լավագույն միջոց

Մայիս 15,2014 13:30

«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթը, որում օրեր առաջ հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ տրանսվեստիտ երգիչը, հերթական անգամ բացահայտեց հայ հասարակության ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ։

Կանացի հագուկապը ու հարդարանքը տղամարդկային մորուքի հետ զուգորդած Կոնչիտա Վյուրսթի հաղթանակից վայրկյաններ անց սոցիալական ցանցերը բառացիորեն հեղեղվեցին ատելություն պարունակող գրառումներով, մարդիկ սկսեցին կանխագուշակել «այլասերված, բարոյական արժեքներից զուրկ» Եվրոպայի անկումը, մրցույթն էլ պիտակվեց որպես «Գեյատեսիլ»։

Սա թերևս լավագույն թեման էր, որ կարող էր շեղել հասարակությանը քաղաքական, սոցիալական հրատապ խնդիրներից ու արդարացումներ գտնել Հայաստանի իշխանությունների Մաքսային միությանը միանալու որոշման համար, որտեղ «Կոնչիտայի նմանները տեղ չունեն»։

Սեռական փոքրամասնությունների խնդիրը շահարկման հաջող գործիք է իշխանությունների ձեռքին՝ սրա ամենավառ ապացույցը դարձավ հենց ԱԺ-ի ներկայիս նախագահ, նախկինում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անկեղծ հորդորը տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին՝ պայքարել ոչ թե տրանսպորտի թանկացման դեմ, այլ միասեռականների։

«Կան բազմաթիվ նացիստական, ֆաշիստական խմբեր, որոնք կեղծ պատմություններ են ստեղծում, և դրանք տարածված են նաև մեդիա դաշտում, օրինակ, կհորինեն, որ Հայաստանում երկու կին կամ երկու տղամարդ են ամուսնացել։ Սա անում են հիմնականում խնդիրը թեժ պահելու, քլիքներ հավաքելու համար։ Ինչքան էլ հոմոֆոբ է մեր հասարակությունը, բայց դա ամենաշատ փնտրվող թեմաներից, ու սկսվում են վառելու մասին քոմենթները: Վառ օրինակը, որ 2012 խորհրդարանական ընտրություններից հետո պայթեցվեց DIY բարը»:

«Դրանից հետո էլ ոչ ոք չէր խոսում ընտրությունների մասին»,- նկատում ԼԳԲՏ համայնքի խնդիրներով զբաղվող «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության (PINK Armenia) նախագահ Մամիկոն Հովսեփյանը:

Երևանի կենտրոնում գտնվող DIY բարը, որի տիրուհին հայտնի էր որպես լեսբուհի (նա պայթյունից որոշ ժամանակ անց լքեց Հայաստանը՝ իր նկատմամբ շարունակվող սպառնալիքների պատճառով), պայթեցվեց 2012-ի մայիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց։

Պայթյունը իրականացնող 20 և 19 տարեկան եղբայրներին անմիջապես իրենց պաշտպանության տակ վերցրեցին ազգայնական Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ղեկավար անդամներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը, վճարեցին գրավով նրանց ազատ արձակելու գումարը։ Իսկ իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնիսկ «ճիշտ և արդարացված» համարեց երիտասարդների արարքը։

«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը, իսկ մարդու իրավունքների այն պաշտպաններին, ովքեր այս միջադեպի առիթով ջանում են էժան դիվիդենտներ շահել, կոչ եմ անում՝ պաշտպանել նախևառաջ համամարդկային ու ազգային արժեքները»,- ասել էր Շարմազանովը:

Ընդհանուր առմամբ Հայաստանը վտանգավոր երկիր է ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչների համար, որտեղ հասարակության մեծ մասը ցանկանում է «վառել կամ կախել» նրանց:

Հովսեփյանն ասում է՝ համայնքը խտրականության և բռնությունների է ենթարկվում բազմաթիվ ոլորտներում. – «Չկա մի ոլորտ, որտեղ ասեմ, որ քիչ խնդիր կա կամ չկա, խնդիրներն ամենուր են՝ կրթություն, ընտանիք, ծառայություններ ստանալ, բանակ, ազատազրկման վայրեր… »:

«Համայնքը ենթարկվում է բռնության տարբեր աստիճանների՝ ընդհուպ ֆիզիկական, սեռական բռնության, իսկ սպանությունների մասին շատ ինֆորմացիա չունենք, որովհետև այդ հարցը այնքան փակուղում է, որ հիմնականում չի բացահայտվում, եթե մարդը սպանվել է իր սեռական կողմնորոշման պատճառով»,- ասում է Հովսեփյանը։
Իսկ բռնության ենթարկված ներկայացուցիչներն էլ սովորաբար խուսափում են բարձրաձայնել դրանց մասին, քանի որ վստահ են՝ ոստիկանությունը ևս մեկ անգամ իրենց կճնշի, իսկ իրենց մասին ինֆորմացիան կհանրայնացվի։

Լուսանկարը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքից

Լուսանկարը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքից

Սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը վերաբերող ցանկացած նախաձեռնություն, միջոցառում, օրինագիծ անմիջապես հասարակական որոշակի խմբերի և նույնիսկ քաղաքական գործիչների կողմից որակվում է որպես «հայկական ավանդական ընտանիքը քանդելու, հայ ազգը բարոյազրկելու, դեռահասներին քարոզչության միջոցով գեյ դարձնելու փորձ, ազգային անվտանգությանը, ժողովրդագրական աճին սպառնացող անմիջական վտանգ»։

PINK Armenia-ի ղեկավարը վստահ է, որ Հայաստանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը հիմնականում գիտելիքների բացակայությունն է։

«Դա գալիս է գիտելիքների պակասից ու վախերից. վախն ու գիտելիքը փոխկապակցված են, եթե մի բանից տեղյակ չենք, մենք վախենում ենք դրանից։ Այս վիճակում մարդկանց մոտ առաջ են գալիս իբր պաշտպանողական ռեակցիաներ, նրանք սկսում են պաշտպանվել մի բանից, որը նրանց ոչնչով չի սպառնում»,- ասում է Հովսեփյանը։

25-ամյա Սևակը չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, սակայն վստահեցնում է, որ դա հղի է բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, չնայած ինքը ֆիզիկական հարձակումների չի ենթարկվել միայն այն պատճառով, որ հաղթանդամ է։ Սևակի խոսքով՝ Հայաստանում տարածված հիմնական մտայնությունն այն է, որ «գեյի հետ շփվելուց հետերոսեքսուալն էլ կարող է գեյ դառնալ»։

«Գլխավոր չարիքը այստեղ անգիտություն է և հիմնական «խաղաքարտը» այն է՝ «բա որ իմ էրեխեն էլ սովորի ու գեյ դառնա», ինչը իրականում աբսուրդ է։ Անընդհատ կրկնում են դա առանց հասկանալու, որ նման բան հնարավոր չէ»,- ասում է երիտասարդը։

Սևակի ամեն օրը պայքար է խտրականության վերացման, հանդուրժողականության հաստատման համար, որը նա, ինչպես և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մեծ մասը, ստիպված է սկսել հենց իր ընտանիքում՝ ամենահարազատ մարդկանցից։

«Իմ մաման իմ ճանաչած ամենահոմոֆոբ մարդկանցից էր, ասում էր՝ գեյերին պետք է վառել, կախել, իրենք զզվելի են, ու երբ ես մոտ հինգ տարի առաջ նրան ասացի իմ սեռականության մասին, սկզբում լացեց, հաջորդ օրը ասաց՝ ես չեմ հավատում երեկվա ասածիդ, ոնց որ վատ երազ լիներ, հույս ունեմ, որ իրական չէ և այլն… հիմա հաշտվել է, բայց էլի հույս ունի, որ կամուսնանամ, երեխաներ կունենամ»,- ասում է երիտասարդը։

ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրական վերաբերմունքի հանգամանքը արտացոլված է Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ միջազգային և տեղական զեկույցներում։

«Խտրականության և ահաբեկման ու բռնության դեպքերը սովորական բնույթ են կրում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր կամ ինտերսեքս (ԼԳԲՏԻ) հանդիսացող անձանց հանդեպ»,-  ասված է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության «Հայաստան» զեկույցում:

Հայաստանը ստորագրել է սեռական կողմնորոշման պատճառով խտրականությունը դատապարտող մի քանի միջազգային փաստաթղթեր, սակայն դրանցից ոչ մեկը պարտադիր իրավական ուժ չունեն, առաջարկվող օրենսդրական նախաձեռնություններն էլ հիմնականում ձախողվում են։

«Խտրականության դեմ» օրենքի նախագիծը, որ դեռ 2012-ին մշակել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և կրկին հասարակական մեծ պարսավանքի արժանացավ, այդպես էլ նույնիսկ չքննարկվեց Ազգային ժողովում, օրենսդիրներն ասացին՝ Հայաստանում կարիք չկա օրենքի ուժով քննարկել նրանց իրավունքները։

Իսկ մեկ տարի առաջ ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքից հեղինակները կրկին «այլասերում տարածելու» մեղադրանքների պատճառով ստիպված եղան փոփոխություններ նախաձեռնել, ըստ որոնց՝ օրենքում «գենդեր» բառը և այդ բառով բառակապակցությունները կփոխարինվեն այլ բառերով, որպեսզի «տարընկալման առիթ չհանդիսանան»։

Հետաքրքրական է, որ անցած տարի ոստիկանությունը օրենքի նախագիծ ներկայացրեց, որով Ռուսաստանի օրինակով նախատեսված էր ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը պատժել տուգանքով։ Նման մի օրենք արդեն ընդունվել էր Ռուսաստանում, ինչի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ քննադատության արժանացավ Արևմուտքի կողմից։ Հայաստանի ոստիկանությունը, սակայն, որոշ ժամանակ անց ետ կանչեց օրինագիծը՝ «նկատի ունենալով քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես նաև այն, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ»։

Այժմ, երբ Հայաստանը փոխել է իր քաղաքական կուրսը և միանում է Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը, իրավապաշտպանները և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները շատ հավանական են համարում նման մի օրենքի ընդունումը Հայաստանում։

PINK Armenia-ի ղեկավարը, այդուհանդերձ, որոշակի դրական փոփոխություններ նկատում է։

«Վերջապես այս թեման տաբու չէ, տասը տարի առաջ ամոթ էր, փսփսալով կասեին գեյ, իսկ հիմա ազատ խոսում են։ Բայց վատն այն է, որ ինչքան մի բան շատ է քննարկվում, այդքան ագրեսիան շատանում է։ Սովորաբար երբ մի նոր քննարկում է մտնում հասարակության մեջ, սկզբից անտեսում են, հետո ծաղրում են, հետո գալիս է ագրեսիայի, հարձակումների, բախումների փուլը։ Մի օր ընդունելու, հասկանալու պահն էլ կգա»,- վստահ է Հովսեփյանը։

Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իմ խորին համոզմունքն է. քանի դեռ Հայաստանում ոչ բոլոր քաղաքացիները նույն (կամ համարժեք) սահմանադրական իրավունքներ ունեն,Հայաստանը երբե՛ք իրավական ու հզոր երկիր չի դառնալու. միթևանի ինքնաթիռը միշտ գետնին է մնում՝ ինչքան էլ որ ներկես-զարդարես:

    Դե իսկ էդ «հայրենասեր» դաշնակներն էլ մի ուրիշ մեծ թեմա է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031