ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայաստանյան այցի ընթացքում ճիշտ շեշտադրումներ է կատարել Հայաստանի համար առաջնահերթ խնդիրների վերաբերյալ:
«Հայտարարեց, որ Հայաստան- Ֆրանսիա տնտեսական կապերը չեն համապատասխանում այն սերտ հարաբերություններին, որոնք կան երկու պետությունների միջեւ, այսինքն նշեց, որ ամենաթույլը մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերություններն են: Շեշտեց նաեւ այլ խնդիրների մասին Ֆրանսիայի տեսակետը, այն որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, թեեւ կարեւորեց Էրդողանի ապրիլ 23-ի հայտարարությունը, բայց ասաց՝ այն բավարար չէ: Արցախի հարցով կարեւոր էր այն հայտարարությունը, որ Ֆրանսիան խնդիր չի տեսնում կամարտահայտման, թեեւ ինքը հանրաքվե ասաց եւ կարեւորեց այն հարաբերությունները, որոնք եղել են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ: Նախագահ Օլանդի հայաստանյան այցելությունը հին բարեկամի մոտ այցելություն էր, բավական հարազատ էր»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Մանոյանը:
Նա նաեւ կարեւորեց, որ Ֆրանսիայի նախագահը հանձն առավ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ձեւ գտնի, ինչը կարող է դրական լինել Հայաստանի համար:
Անդրադառնալով ցեղասպանությունը ժխտելու քրեականացման բանաձեւի ընդունման հեռանկարին՝ պարոն Մանոյանն ասաց. «Նախագահ Օլանդը հայտարարեց, որ կսպասեն եվրադատարանի վերջնական վճռին՝ հաշվի առնելով Շվեյցարիայի բողոքն այդ հարցով ու ասաց, ըստ այդմ, օրինագիծը կվերջնականացնեն: Նախագահ Օլանդը չի ուզում ունենալ այնպիսի օրինագիծ, որը կարելի լինի վիճարկել եվրադատարանում ու մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այն պետք է համապատասխանեցնեն Սահմանադրական խորհրդի երկու տարի առաջվա որոշմանը, որտեղ կան կետեր, որոնց չէր համապատասխանում բանաձեւը: Կարեւոր է՝ Օլանդը հանձնառու է լինում, որ այդ օրինագիծը ի վերջո պետք է ներկայացվի ու քվերակվի»:
Վերջում էլ հիշեցրեց, որ հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի. «Մարդկության դեմ ոճիրը , ըստ միջազգային իրավունքի, վաղեմության ժամկետ չունի: Բայց անտարբերության դեպքում հատուցման իրավունքից, ըստ միջազգային իրավունքի, կարող ես զրկվել»: Կիրո Մանոյանն ասաց՝ հատուցման իրավունքից զրկվելու վտանգ Հայաստանը դեռ չունի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ